Իննամյա հայ տղան՝ Վիլյամը, հարձակման է ենթարկվել Երուսաղեմում Յոմ Կիպուրի ժամանակ, հայտնել է քաղաքի Հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։
Նրա խոսքով՝ երեխան հեծանիվ էր վարում և երաժշտություն լսում, երբ նրան մոտեցել են մի քանի երիտասարդներ և պահանջել հանել ականջակալները։
Լսելով, որ տղան անգլերեն է խոսում՝ երիտասարդներից մեկը պղպեղային գազ է ցողել նրա դեմքին։ Մինչ այդ, ինչպես լսվում է հրապարակված տեսագրությունում, հնչել է. «Ոչ մի անգլերեն, հրեանե՛ր» արտահայտությունը։
Տեսագրությունում լսվում է նաև, թե ինչպես է Ուիլյամի մայրը փորձում հանգստացնել նրան և ասում, որ նրա կրտսեր քրոջ՝ Արևի հետ ամեն ինչ կարգին է։
Երուսաղեմի Հին քաղաքում է գտնվում պատմական Հայկական թաղամասը։ Վերջին տարիներին վեճ է շարունակվում թաղամասի տարածքի մի մասի՝ «Կովերի պարտեզի» շուրջ։ Հայ համայնքի ներկայացուցիչները դեմ են այդ տարածքում կառուցապատման նախագծի իրականացմանը։ Նախագիծը կապում են Xana Gardens ընկերության և իսրայելա-ավստրալացի գործարարի հետ։
Թաղամասի տարածքի շուրջ վեճի ֆոնին վերջին տարիներին հայ համայնքի նկատմամբ միջադեպեր են գրանցվել։ Օգոստոսին 6 իսրայելցի էր ձերբակալվել Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա հարձակումից հետո։ Նույն ամսվա վերջին ևս չորս մարդ էր ձերբակալվել Հայոց պատրիարքարանի համալիրի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Սեպտեմբերին տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է մի աղջիկ ոստիկանների ներկայությամբ թքում վանքի մուտքի ուղղությամբ։
