Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի մոտ ձերբակալվել է Նեթանյահուի դեմ բողոքող շուրջ 100 ցուցարար

Նյու Յորքի ոստիկանությունը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մոտ ձերբակալել է մոտ 100 ցուցարարի, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ելույթից առաջ, փոխանցել է «Ալջազիրան»։

Ձերբակալվածների թվում են «Օսկարի» դափնեկիր դերասանուհի Սյուզան Սարանդոնը, «Էմմի» մրցանակակիր Հաննա Այնբինդերը, Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի թեկնածու Դարիալիզա Ավիլա Շևալյեն և Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Չի Օսսեն։

«Հրեական ձայն խաղաղության համար» (Jewish Voice for Peace) իրավապաշտպան խմբի կազմակերպած ակցիային մասնակցել է շուրջ 200 մարդ՝ «Ֆինանսավորեք մարդկանց, ոչ թե ռումբերը» և «Ազատ Պաղեստին» կարգախոսներով սպիտակ շապիկներով։

Ցուցարարները փակել են երթևեկությունը, ինչից հետո ոստիկանությունը շրջապատել է մայթեզրին նստած և վանկարկումներ անող ցուցարարներին ու նրանց տեղափոխել ոստիկանական ավտոբուսներ։

Նեթանյահուի ելույթի ընթացքում տասնյակ պատվիրակներ ի նշան բողոքի լքել են Գլխավոր ասամբլեայի դահլիճը։

Պաղեստինամետ մեկ այլ ցույց էլ անցկացվել է Նյու Յորքի հանրային գրադարանի աստիճաններին։

Գազայի պատերազմը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի հարավի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Իսրայելը պատասխանել էր լայնածավալ ռազմական գործողություններով Գազայի հատվածում։

ՀՀ-ն մոտ 46 հազար դոլար էր հատկացրել Գազայի երեխաների բուժման նպատակով։

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի վերջին հասանելի ընդհանուր տվյալներով՝ ապրիլի 28-ի դրությամբ Գազայից մասնագիտացված բուժման համար բժշկական տարհանման կարիք ուներ ավելի քան 18,5 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 4 հազար երեխա։ Հուլիսի վերջին հրապարակված զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Գազայից արտերկիր է տարհանվել ևս 81 մարդ, այդ թվում՝ 13 երեխա։

Leave a Comment