«Ավատար» և «Տիտանիկ» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը կայցելի Երևան – armeniatoday.am

«Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը նոյեմբերի 23-ին կայցելի Երևան, հայտնել է Հայկական կինոընկերությունը։

Ռեժիսորի հետ հանդիպումը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 19:00-ին։ Քեմերոնը կքննարկի իր կարիերան, կինոարտադրությունը, հիմնական ստեղծագործական գաղափարները և տեխնոլոգիական նորարարությունները։

Միջոցառման ընթացքում նաև կանցկացվի հարցուպատասխան հանդիսատեսի հետ, որից հետո տեղի կունենա համերգ ռեժիսորի ֆիլմերի երաժշտություններով։ Համերգի ծրագիրը դեռևս չի հրապարակվել։

«Զրույց Ջեյմս Քեմերոնի հետ. կինոլեգենդը ուղիղ եթերում՝ Երևանում» խորագրով միջոցառումը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը և կազմակերպում է Mezzo Production-ը։

Քեմերոնը նկարահանել է «Տերմինատոր», «Օտարերկրացիներ», «Տերմինատոր 2. Դատաստանի օր», «Տիտանիկ» ֆիլմերը և «Ավատար» ֆրանշիզը։ «Տիտանիկ»-ն արժանացել է 11 Օսկարի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ «Տիտանիկը» և «Ավատարը» տարբեր ժամանակներում համաշխարհային կինովարձույթի պատմության ամենաբարձր եկամուտ ստացած ֆիլմերն են։

Leave a Comment