Պայթյունից հետո զինծառայողի մահվան դեպքով ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել – armeniatoday.am

Սեպտեմբերի 24-ին պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող պայմանագրային Դ. Կ.-ի մահվան դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից հավելել են, որ կատարվում է նախաքննություն, այլ մանրամասներ չեն հաղորդել։ 

Թերթերն այսօր անդրադարձել են դեպքին և, հղում անելով իրենց աղբյուրներին, մահվան դեպքի հնարավոր վարկածներ են հրապարակել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ նախաքննության ընթացքում «տեղեկություններ են ի հայտ եկել նախկինում թմրանյութերի հետ կապված վարույթի, ինչպես նաև պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրների մասին»։ Նշվում է, որ իրավապահները դրանց կապը զինծառայողի մահվան հետ չեն հաստատել։ Թերթի տվյալներով՝ հարցաքննված ծառայակիցները հայտնել են, որ դեպքից առաջ զինծառայողի վարքագծում արտառոց որևէ բան չեն նկատել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Սիսիանում զինծառայողի մահվանը նախորդել է զինծառայողների միջև ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն, որից հետո նռնակ է պայթել։ Թերթի աղբյուրի պնդմամբ՝ դեպքից հետո զինծառայողներից պահանջել են տեղեկություններ ներկայացնել իրենց վարկերի վերաբերյալ։

Զինծառայողի մահվան մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր սեպտեմբերի 24-ին։ ԶԼՄ-ները գրել էին, որ դեպքը տեղի է ունեցել Սիսիանում, նախնական վարկածով՝ «զինծառայողը ինքնասպանության է գործել նռնակը պայթեցնելու միջոցով»։

Leave a Comment