«Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,-այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում։
«Խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալ դարձնելը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հիմնական թեման պետք է լինի։ Արդեն երկուսուկես տարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհրաձգության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան․ այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ»,-ասել է նա։