Հայաստանը սպասում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում դեռ պետք է լուծվեն անհետ կորածների ճակատագրի և Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձի հարցերը։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը երկու երկրների համատեղ օրակարգի հաջորդ խոշոր հարցերից է։
Փաշինյանն իր ելույթում խոսել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ու TRIPP նախագծի իրականացման մասին։ Նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածության։
Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում Հայաստանը 1990-ականների սկզբից ի վեր առաջին անգամ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի հետ, իսկ դրա միջոցով՝ նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։
Վարչապետը հայտնել է, որ նախատեսվում է վերականգնել Մեղրիի և Երասխի՝ խորհրդային տարիներին գոյություն ունեցած, հետագայում ավերված երկաթուղային հատվածները։ Դրանց վերականգնումը, ըստ նրա, հնարավորություն կտա ստեղծել Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապ, ինչպես նաև Հայաստանի տարածքով կապ ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, իսկ Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանների միջև։
Փաշինյանը հայտարարել է, որ այդ աշխատանքներին զուգահեռ Երևանը սպասում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը։
«Նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը»,- ասել է վարչապետը։
Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի հետ երկաթուղու բացումը TRIPP-ի հետ միասին կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտում «վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը» դառնալ՝ նոր երկաթուղային հաղորդակցություն ստեղծելով Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրամիության միջև։ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի և Նախիջևանի միջև երկաթուղային կապի վերականգնումը կվերականգնի Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային հաղորդակցությունը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերին՝ Փաշինյանն առանձնացրել է մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը։ Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են համագործակցել այս ուղղությամբ։
«Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նաև հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել Ադրբեջանի հետ համագործակցությունն ականազերծման հարցում։
Միաժամանակ Փաշինյանը կողմերին կոչ է արել խուսափել «կոնֆլիկտային խոսույթներից»՝ այդ թվում պատմության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի համագործակցության հիմնական թեման պետք է լինի խաղաղության ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը։
Արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները գտնվում են «տրանսֆորմացիայի փուլում»։ Նա դա կապել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության դերի փոփոխության հետ և նշել, որ Երևանը ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել «բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»։
Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետը հայտարարել է, որ կողմերի միջև առկա է բարձր մակարդակի երկխոսություն և վերահաստատել է Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ մղելու պատրաստակամությունը։
