«Ուժեղ Հայաստանը» հայտնել է Տիգրանաշենում իրականացվելիք մի շարք ծրագրերի մասին

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Անկախության օրվա կապակցությամբ իրենց փոխանցված պարգևավճարները կուղղեն Տիգրանաշեն գյուղում մի շարք ծրագրեր իրականացմանը, հայտարարել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա մանրամասնել է, որ առաջին հերթին Տիգրանաշենում կգործարկվի գյուղմթերքի շուկա։ «Տիգրանաշենի բնակիչներն իրենց աճեցված բերքը հնարավորություն կստանան իրացնել Տիգրանաշենի գյուղմթերքի շուկայում և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրանաշենը գտնվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բանուկ հատվածներից մեկում, ապա մենք վստահ ենք, որ այդ ծրագիրը մեծ հաջողություն կունենա»,- նշել է նա։

Խմբակցության ներկայացուցիչները գյուղ այցելության ժամանակ նկատել են, որ Տիգրանաշենում մանկական խաղահրապարակը թարմացման կարիք ունի և որոշում են կայացրել երեխաներին նվիրել նոր և ժամանակակից խաղահրապարակ։ Պատգամավորի խոսքով՝ տիգրանաշենցիները մեծ դժվարություն ունեն առավոտյան և երեկոյան երեխաներին դպրոց տանելու և դպրոցից հետ բերելու հետ, որի հետևանքով Տիգրանաշենի դպրոցը որոշ ժամանակ չի գործում։

Խմբակցությունը որոշել է Տիգրանաշենի համար ձեռք բերել տրանսպորտային միջոց, որով բնակիչներն առավոտյան ժամերին կկարողանան իրենց երեխաներին հասցնել դպրոց, իսկ ցերեկը՝ դպրոցից տուն։ Բացի դրանից, տիգրանաշենցիները հնարավորություն կստանան այդ տրանսպորտային միջոցով հասնել մարզկենտրոն և մայրաքաղաք Երևան։

«Տիգրանաշենցիները պետք է ապրեն և արարեն իրենց հայրենի հողում։ Զարգացում, այլ ոչ թե հանձնում»,- եզրափակել է պատգամավորը։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ դաշինքը մտադիր է զարգացնել Տիգրանաշենը և գյուղի ապագայի հարցի նկատմամբ հրավիրել ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ միջազգային կառույցների ուշադրությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Տիգրանաշենը և մյուս անկլավները չեն մտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Սեպտեմբերի 17-ին նա նշել էր, որ Տիգրանաշենի սահմանազատման մանրամասների կամ որևէ տարածք հանձնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

«Ուժեղ Հայաստանը» բնակավայրի հնարավոր հանձնման մասին քննարկումների ֆոնին հայտարարել էր Տիգրանաշենը զարգացնելու, այդ թվում՝ գլեմփինգի գոտի և գյուղմթերքի շուկա ստեղծելու ծրագրերի մասին։

Կարդացեք նաև՝ 

Տիգրանաշենում «Ուժեղ Հայաստան»-ն առաջարկում է զարգացում, ՔՊ-ն՝ հանձնում․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

«Ուժեղ Հայաստանը» մտադիր է Տիգրանաշենում գլեմփինգի գոտի կառուցել

 

Leave a Comment