Նյու Յորքի «Կոմիքսներ եւ պատկերապատումներ» գիտաժողովի 455-րդ հանդիպումը տեղի է ունեցել անցած սեպտեմբերի 1-ին. հյուրն էր լոնդոնաբնակ հայազգի երգիծանկարիչ Ռոման Մուրադովը, որը հանդես է եկել «Իմ պատկերացումը ծիծաղելիի մասին» բանախոսությամբ:
Գիտաժողովը խաղացկուն ձեւով հետազոտում է հումորի մեխանիզմները կոմիքսների ու գծավեպերի, երաժշտության ու վերացական արվեստի միջոցներով: Ուշադրություն դարձնելով կրկնությունների եւ բացթողումների կիրառմանը, շարահյուսության ու ոճի փոփոխություններին, ինչպես նաեւ տեսողական, գրավոր եւ բանավոր խոսքի բազմաթիվ այլ կերպերին՝ այս զրույցը ներկայացնում ու փառաբանում է կատակերգության բազմազան ձեւերն ու դրսեւորումները:
Ռոման Մուրադովը Լոնդոնում գործող հանրային կապերի «Նոշըն» ընկերության գեղարվեստական տնօրենն է: Հեղինակ է մի քանի գծավեպի, որոնցից են «Բոլոր ապրող բաները» եւ առաջիկայում լույս տեսնելիք «Հետին պլանի արվեստագետը»: Նրա պատվիրատուների թվում են մի շարք հեղինակավոր հրատարակություններ եւ ընկերություններ՝ «New Yorker», «New York Times», «Washington Post», «Penguin Random House», «Knopf», «And Other Stories», «MIT», «Criterion», «Vogue», «Paris Review», «Wired», «NYC Opera», «Lucky Peach», «Monocle», «Google»:
Մուրադովի մասին մանրամասն տե՛ս նրա կայքէջում՝ https://romanmuradov.com/:
Ա. Բ.