Սեպտեմբերի 23-ին Հորմուզի նեղուցով անցել է մոտ 60 նավ․ ԶԼՄ – armeniatoday.am

Սեպտեմբերի 23-ին Հորմուզի նեղուցով անցել է մոտ 60 առևտրային նավ, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյայի։

Պաշտոնյայի խոսքով՝ նավերը տեղափոխել են նավթի ամենամեծ օրական ծավալը՝ հուլիսի սկզբից ի վեր։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նեղուցով անցել է 22 միլիոն բարել նավթ։ Աղբյուրը նաև հայտնել է, որ այդ նավերից մոտ 40-ի տեղաշարժը համակարգել են ԱՄՆ-ի զինվորականները՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։

Reuters-ն ընդգծում է, որ չի կարողացել անկախ աղբյուրներից հաստատել այդ տեղեկությունը։

Մինչև փետրվարի 28-ին Իրանի հետ պատերազմի բռնկումը, նեղուցով օրական սովորաբար անցնում էր մոտ 125 խոշոր առևտրային նավ (այդ թվում՝ լցանավեր, կոնտեյներատարներ, նավթատարներ և գազատարներ)՝ տեղափոխելով նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային օրական մատակարարումների մոտ 20%-ը։

Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը պահանջում էր անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով վերջինիս Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։

Leave a Comment