Սեպտեմբերի 23-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսի հետ։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Մեխելենի միջև համագործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանն ուղղված հնարավորությունները։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տնտեսական ոլորտում համագործակցության աշխուժացմանը՝ կարևորելով հայկական արտադրանքի ներկայացման և Մեխելենի շուկայում դրա հասանելիության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։
Քաղաքապետ Սոմերսն իր աջակցությունը հայտնեց ՀՀ նախաձեռնություններին և պատրաստակամություն հայտնեց աջակցելու դրանց հետագա առաջմղմանը։
Որպես տնտեսական և մշակութային կապերի ակտիվացման առաջին գործնական քայլ՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում Մեխելենում կազմակերպել «Հայկական տոնավաճառ», որտեղ լայնորեն կցուցադրվեն հայկական արտադրանքն ու տեղական ապրանքատեսականին։