Նեթանյահուի ելույթի ժամանակ մի շարք պատվիրակություններ լքել են ՄԱԿ-ի ԳԱ դահլիճը

Մի շարք պատվիրակություններ ի նշան բողոքի լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բարձրացել է ամբիոն՝ ելույթ ունենալու, հայտնում է ՏԱՍՍ-ը։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Երբ Իսրայելի վարչապետը հրավիրվել է ամբիոն, տասնյակ դիվանագետներ վեր են կացել տեղերից և ուղղվել դեպի ելքերը։ Դահլիճում երկար ժամանակ հնչում էին ծաղրական բացականչություններ և դժգոհության արտահայտություններ։ Իր ելույթի սկզբում Իսրայելի վարչապետը հորդորել էր նրանց, ովքեր դեռ չէին հեռացել, անհապաղ անել դա։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել կիսադատարկ դահլիճում։

2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդերներ էր տվել՝ Գազայի հատվածում տեղի ունեցող հակամարտության հետ կապված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքներով։ Իսրայելը չի ​​ճանաչում դատարանի իրավասությունը։

Leave a Comment