Կառավարությունն առաջարկում է հաստատել 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է մշակել մի շարք նոր ազգային ստանդարտներ։ Դրանցից մեկը կսահմանի խմելու ջրում պերֆտորալկիլային և պոլիֆտորալկիլային նյութերի (PFAS) որոշման մեթոդը՝ հաշվի առնելով 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող խմելու ջրի նոր սանիտարական նորմերի և կանոնների պահանջները։
Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից:
Անհրաժեշտությունը
«2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Ստանդարտացման մասին» օրենքի և «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» 11001 միջոցառման շրջանակներում 2026 թվականին նախատեսվող ստանդարտացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է տնտեսության տարբեր ոլորտներում գործող ստանդարտների արդիականացման, միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակման, ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցության, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացման և տեղեկատվական սպասարկման ապահովման անհրաժեշտությունից։
Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» օրենքը, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը, «Տարածական տվյալների մասին» օրենքը, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը, Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշումը, ինչպես նաև ստանդարտացման ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերը։
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
«Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ, 9-րդ և 19-րդ հոդվածի համաձայն՝ պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և ենթակա է պետական ֆինանսավորման։
Ստանդարտացման ոլորտում պետական աջակցության շրջանակներում իրականացվում են ազգային ստանդարտների մշակման և վերանայման, միջազգային, եվրոպական, միջպետական և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։
2026 թվականի պետական ստանդարտացման ծրագրով նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ՝ կառավարման համակարգերի, շրջակա միջավայրի և երկրատարածական տվյալների ոլորտներում, ինչպես նաև իրականացնել միջազգային և միջպետական ստանդարտացման աշխատանքներ և ստանդարտների ազգային ֆոնդի վարման ու տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։
Մասնավորապես՝
կառավարման համակարգերի ոլորտում նախատեսվում է մշակել սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև արտադրանքի, գործընթացների և ծառայությունների գնահատման ու սերտիֆիկացմանը վերաբերող ազգային ստանդարտներ՝ ԻՍՕ 22003-1 և ԻՍՕ 22003-2 միջազգային ստանդարտներին ներդաշնակ.
շրջակա միջավայրի ոլորտում նախատեսվում է մշակել ջրում պերֆտորալկիլային և պոլիֆտորալկիլային նյութերի (PFAS) որոշման մեթոդը սահմանող ազգային ստանդարտ՝ ԻՍՕ 21675 ստանդարտին ներդաշնակ։ Սույն ստանդարտի մշակումը կարևոր է նաև հաշվի առնելով, որ PFAS նյութերի հետազոտությունը ներառված է խմելու ջրի նոր սանիտարական նորմերի և կանոնների պարտադիր հետազոտության ենթակա ցուցանիշների ցանկում, որոնք ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից.
երկրատարածական տվյալների ոլորտում նախատեսվում է մշակել աշխարհագրական տեղեկատվությանը վերաբերող ազգային ստանդարտներ՝ ժամանակային սխեմաների, տարածական օբյեկտների քարտացուցակավորման մեթոդաբանության և կոդավորման վերաբերյալ՝ համապատասխանաբար ԻՍՕ 19108, ԻՍՕ 19110 և ԻՍՕ 19118 միջազգային ստանդարտներին ներդաշնակ։ Դրանց մշակումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ձևավորմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ սահմանվող դրույթների ապահովմանը։
Միաժամանակ, նախատեսվում է շարունակել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման գործընթացներին, իրականացնել միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի փորձաքննություն և էլեկտրոնային քվեարկություն, ինչպես նաև կազմակերպել համապատասխան միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ համագործակցության աշխատանքները։
Ստանդարտների ազգային ֆոնդի մասով նախատեսվում է իրականացնել դրա համալրման, հաշվառման, վարման և արդիականացման, ընդունված ազգային ստանդարտների գրանցման, գործող ստանդարտների ամբողջ տեքստերի էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծման և պահպանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։
Նշված աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ապահովելու ազգային ստանդարտների համակարգի շարունակական զարգացումը և դրա համապատասխանեցումը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման ժամանակակից պահանջներին։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը մշակվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ «Ստանդարտացման մասին» օրենքով սահմանված լիազորությունների, ինչպես նաև ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների հիման վրա։
Պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է ազգային ստանդարտների համակարգի զարգացումը և միջազգային ու տարածաշրջանային ստանդարտներին դրա առավելագույն ներդաշնակեցումը, ինչը նպաստում է տնտեսության մրցունակության բարձրացմանը, առևտրում տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը, արտադրանքի և ծառայությունների որակի ու անվտանգության ապահովմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային շուկաներում հայկական արտադրանքի ճանաչելիության և մրցունակության բարձրացմանը։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի հիմնական նպատակն է ապահովել 2026 թվականի ընթացքում ստանդարտացման պետական քաղաքականության հետևողական իրականացումը՝ ազգային ստանդարտների մշակման, միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքներին մասնակցության, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման միջոցով։
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է նպաստել՝
- միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.
- ազգայինստանդարտների՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցման մակարդակի բարձրացմանը.
- սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի արդյունավետ ներդրմանը և համապատասխանության գնահատման ու հավատարմագրման գործընթացների ապահովմանը.
- ազգային սննդամթերք արտադրողների և արտահանողների գործունեության համար համապատասխան ստանդարտացման հիմքերի ստեղծմանը.
- տեղական արտադրանքի որակի, անվտանգության և մրցունակության բարձրացմանը.
- միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով տնտեսության տարբեր ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների, նորարարությունների և լավագույն փորձի ներդրմանը.
- սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը և սպառողների շահերի պաշտպանությանը.
- ԵԱՏՄ և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովմանը.
- առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը.
- ջրի որակի գնահատման և PFAS նյութերի հետազոտության ժամանակակից ու ճշգրիտ մեթոդների ներդրմանը.
- տարածական տվյալների ճշգրտության, հուսալիության, համադրելիության և արդյունավետ փոխանակման ապահովմանը.
- միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման գործընթացներում Հայաստանի Հանրապետության մասնակցության արդյունավետության բարձրացմանը.
- ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացմանը և շահագրգիռ կողմերի տեղեկատվական սպասարկման բարելավմանը.
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կողմից արդիական ստանդարտների և տեխնիկական տեղեկատվության հասանելիության ապահովմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությոան և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել համապատասխան պետական կառավարման մարմինների և շահագրգիռ կողմերի ներկայացրած առաջարկությունները։
Այլ տեղեկություններ
Նախագծի վերաբերյալ հանրության իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am տեղադրելու միջոցով։
Նախագծի ընդունմանը հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ կներկայացվի Ծրագրի աշխատանքների իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների չօգտագործված մասը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ վերադարձնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարության 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ինչպես նաև ստանդարտացման և տնտեսության համապատասխան ոլորտներում իրականացվող քաղաքականության նպատակներին և ուղղություններին։
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը վերապահված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների վերանայման և նոր ստանդարտների մշակման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից։
Միաժամանակ, Նախագծի առանձին միջոցառումները կապվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1583-Լ որոշմամբ սահմանված տարածական տվյալների ոլորտի զարգացման ուղղությունների, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության, շրջակա միջավայրի և ռազմարդյունաբերության ոլորտներում իրականացվող պետական քաղաքականության հետ։
Ակնկալվող արդյունքը
2026 թվականի պետական ստանդարտացման ծրագրի իրականացումը կապահովի ազգային ստանդարտների համակարգի զարգացումը, միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին դրա ներդաշնակեցումը, ինչպես նաև ստանդարտացման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային և տարածաշրջանային համագործակցության շարունակականությունը։
Մասնավորապես՝ ակնկալվում է՝
Կառավարման համակարգեր – ԻՍՕ 22003-1 և ԻՍՕ 22003-2 միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակումը կնպաստի սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտի, սերտիֆիկացման, արտադրանքի, գործընթացների և ծառայությունների գնահատման համապատասխան մեխանիզմների սահմանմանը և հավատարմագրման գործընթացների արդյունավետ իրականացմանը։
Շրջակա միջավայր – ԻՍՕ 21675 ստանդարտին ներդաշնակ ազգային ստանդարտի մշակումը կապահովի ջրում պերֆտորալկիլային և պոլիֆտորալկիլային նյութերի (PFAS) որոշման արդիական և զգայուն մեթոդի կիրառման հնարավորությունը՝ հաշվի առնելով 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող խմելու ջրի նոր սանիտարական նորմերի և կանոնների պահանջները։
Երկրատարածական տվյալներ – ԻՍՕ 19108, ԻՍՕ 19110 և ԻՍՕ 19118 միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակումը կնպաստի աշխարհագրական տվյալների ճշգրտության, հուսալիության, համադրելիության և արդյունավետ փոխանակման ապահովմանը, ինչպես նաև տարածական տվյալների ոլորտում միասնական նորմատիվային բազայի ձևավորմանը։
Միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքներ – Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին, միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի փորձաքննությանը և էլեկտրոնային քվեարկությանը կնպաստի Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը ստանդարտների մշակման գործընթացում, միջազգային և տարածաշրջանային լավագույն փորձի կիրառմանը և հայկական արտադրանքի համար արտաքին շուկաներում տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը։
Ստանդարտների ազգային ֆոնդ – ազգային ֆոնդի համալրման, հաշվառման, վարման և արդիականացման աշխատանքների իրականացումը, գործող ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի պահպանումը և տեղեկատվական սպասարկման իրականացումը կապահովեն պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի համար արդիական ստանդարտների և համապատասխան տեխնիկական տեղեկատվության հասանելիությունը։
Ընդհանուր արդյունք – Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ստանդարտացման համակարգի արդիականացմանը, տեղական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, միջազգային և տարածաշրջանային շուկաների հետ ինտեգրման գործընթացների ապահովմանը, առևտրում տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը և սպառողների առողջության ու անվտանգության պաշտպանության մակարդակի բարձրացմանը։