Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ին մեկնաբանել է Արցախում հայկական պատմության՝ Կովկասյան Աղվանքի պատմության վերածելու փորձերը։
«Գանձասարի շուրջ ստեղծված իրավիճակը, այնտեղ բարձրաստիճան դիվանագիտական պատվիրակության այցը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հնչեցրած մեկնաբանություններն ու դրանց վերաբերյալ հայ հասարակության արձագանքը վկայում են, որ խոր հակասությունները շարունակում են պահպանվել։
Հայաստանում և համաշխարհային գիտության մեջ գերակշռում է այն տեսակետը, որ Ղարաբաղում գտնվող քրիստոնեական հուշարձանները պատկանում են հայկական կրոնական և մշակութապատմական ժառանգությանը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, սկսած 20-րդ դարի 60-ական թվականներից և հատկապես անկախության շրջանում, առաջ է մղում այն տեսակետը, թե դրանք Կովկասյան Աղվանքի պատմության մասն են, որևէ առնչություն չունեն Հայաստանի հետ և հանդիսանում են Ադրբեջանի ժառանգության մաս։
Այս առումով կարևոր է, որպեսզի այդ հակասությունները չտեղափոխվեն քաղաքական դաշտ և բացասաբար չանդրադառնան խաղաղության գործընթացի վրա։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է դիմել սկզբնաղբյուրներին և հեղինակավոր գիտնականների տեսակետներին, որպեսզի այդ վեճերը լուծվեն սկզբնաղբյուրների և անցյալում տեղի ունեցած փաստերի վերլուծության հիման վրա», — նշել է է փորձագետը։
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի կողմից պատմության կեղծման գործընթացը միայն ընդլայնվելու է և չի սահմանափակվելու Ադրբեջանի ու Արցախի տարածքներով։
«Կարծում եմ՝ Ադրբեջանում նման գործողությունները սադրանք չեն համարում, և այնտեղ տարածված է այն տեսակետը, որ իրենք, որպես հաղթողներ, չպետք է գնան որևէ զիջման կամ փոխզիջման, այլ պետք է առաջ մղեն իրենց տեսակետը։ Եվ, ըստ էության, Ադրբեջանն իսկապես հենց դրանով է զբաղված՝ հետևողականորեն հասնելով հայկական կողմի հետագա զիջումներին՝ իր կամքը պարտադրելու նպատակով։
Եվ սա վերաբերում է նաև պատմության հարցերին։ Մենք տեսնում ենք, որ պատմության և քրիստոնեական հուշարձանների հետ կապված գործընթացը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղի տարածքին և Ադրբեջանին։ Մասնավորապես, Բաքվի վերջին քայլերը վկայում են այն մասին, որ նրանք փորձելու են վերլուծել և յուրացնել նաև Հայաստանի տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը», — ընդգծել է Տասիցը։