Ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության և ծեծի գործով քրեական վարույթ է հարուցվել երկու քննիչների, ոստիկանի և ևս 4 անձի նկատմամբ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը։
ՀԿԿ-ից մանրամասնել են, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հարևանությամբ բնակվող քաղաքացուն հարվածներ հասցնելու (ծեծի ենթարկելու) համար նույն քննչական բաժնի երկու քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը, առավելագույն պատիժը՝ 2 ամսվա ազատազրկում):
Նշվում է, որ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, հիշյալ քաղաքացուն ծեծի ենթարկելու առիթով վերջինիս ազգականի՝ ոստիկանության ծառայողի կողմից քննիչներից պարզաբանումներ ստանալու նատակով կայացած հանդիպումը վերաճել է խուլիգանության, որի կապակցությամբ ոստիկանության ծառայողի և նրա հետ գտնված չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի շումբ անձանց կողմից խուլիգանությունը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում):
