Հնարավո՞ր է այլ երկրներից Հայաստան բնական գազ ներկրել, եթե Ռուսաստանը քաղաքական նկատառումներով կրկին բարձրացնի կապույտ վառելիքի գինը։
Թեման կրկին ակտիվ քննարկման առարկա դարձավ՝ Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին։ Ի՞նչ անի Հայաստանը, եթե Ռուսաստանը որպես պատժամիջոց որոշի բարձրացնել գազի գինը։
Մասնագետների գնահատմամբ՝ ռուսական գազին կարճաժամկետ հեռանկարում այլընտրանք գտնելը Հայաստանի համար հեշտ լուծում չէ։
Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքով՝ հնարավոր այլընտրանքները տարբեր են՝ կախված ժամկետից։ Կարճաժամկետ հեռանկարում նա որպես հնարավոր աղբյուր դիտարկում է Իրանը, միջնաժամկետ հեռանկարում՝ Ադրբեջանը, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում՝ Թուրքմենստանը։
«Իրանի գազամուղի առավելագույն նախագծային թողունակությունը 6 միլիոն խորանարդ մետր է, որը փաստացի դեռևս այդպես չի ապահովվել։ Եվ նույնիսկ դժվարություն կա այն հասցնելու շուրջ 4.5 միլիոն խորանարդ մետրի»։
Տնտեսագետի խոսքով՝ իրանական ուղղությամբ հիմնական սահմանափակումը ենթակառուցվածքների թողունակությունն է։ Հայաստանի տարեկան գազի պահանջարկը կազմում է մոտ 2.3-2.4 միլիարդ խորանարդ մետր, իսկ ձմռան ամիսներին օրական սպառումը կարող է զգալիորեն աճել։
Այսինքն՝ սովորական օրերի մոտ 6 միլիոն խորանարդ մետր օրական սպառման փոխարեն՝ ձմռանն այն կարող է հասնել 12-16 միլիոն խորանարդ մետրի։ Իրանից Հայաստան գործող գազամուղը, սակայն, ֆիզիկապես չի կարող ապահովել նման ծավալի մատակարարում։
Մեր զրուցակցի խոսքով՝ ներկայում Իրանից Հայաստան գազի մատակարարումը հիմնականում իրականացվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով։ Եթե քննարկվի նաև Իրանից գազի ուղղակի ներմուծման ծավալների ավելացումը, անհրաժեշտ կլինեն նոր բանակցություններ՝ ինչպես մատակարարվող գազի ծավալների, այնպես էլ դրա գնի շուրջ։
Ինչ վերաբերում է ռուսական գազին, ապա, տնտեսագետի գնահատմամբ, այստեղ ևս հնարավոր է ոչ թե մատակարարումների ամբողջական դադարեցում, այլ գնային պայմանների փոփոխություն։
«Ռուսաստանը կորոշի՝ գազ մատակարարի, բայց միջազգային գնով։ Այսինքն՝ այն գինը, որ ֆիքսված է 165 դոլար՝ 1 խորանարդ մետրի դիմաց, այդ գինն այլևս չի գործելու, գործելու է միջազգային գինը․ օրինակ՝ 500-600 դոլար 1 խորանարդի դիմաց։ Էս դեպքում, միգուցե, Հայաստանն այդ թանկ գնով, այսինքն՝ որոշակի, բայց քիչ ծավալ ներմուծի Ռուսաստանից»։
Տնտեսագետը միաժամանակ նշում է, որ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցումը նույնպես հնարավոր սցենար է, թեև, իր գնահատմամբ, դրա հավանականությունը ցածր է։
Ադրբեջանական գազի մատակարարման ուղղությունը, ըստ տնտեսագետի, ավելի շատ միջնաժամկետ հեռանկարի հարց է։ Այս դեպքում, բացի քաղաքական պայմանավորվածություններից, անհրաժեշտ կլինի նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում։
«Սա, սենց ասեմ, արագ լուծվող խնդիր չի։ Միգուցե Ադրբեջանը պատրաստակամություն հայտնի, նույնիսկ եթե քաղաքական պայմանավորվածություն լինի, գին որոշվի նաև որոշակի, այսպես, բարենպաստ, այդ դեպքում ենթակառուցվածքներ պետք է ամեն դեպքում ավելացվեն, Վրաստանից այդ համապատասխան խողովակաշարը բերվի, Հայաստան հասցվի»։
Տնտեսագետը շեշտում է, որ ադրբեջանական գազի հնարավոր ներմուծման դեպքում ևս նպատակահարմար չէ ամբողջությամբ կախված լինել մեկ աղբյուրից։
«Ես կարծում եմ՝ ամենաօպտիմալ տարբերակն այն է, որ ադրբեջանական գազն ընդամենը մասնակի լրացնի մեր ներքին պահանջարկը։ Մենք ամբողջ ծավալով կախված չլինենք ադրբեջանական գազից, համենայն դեպս այս փուլում»։
Տնտեսագետի խոսքով՝ էներգետիկ անվտանգության տեսանկյունից խնդիրը պետք է դիտարկել ոչ թե մեկ մատակարարին մեկ ուրիշով փոխարինելու, այլ մատակարարումների դիվերսիֆիկացման տրամաբանությամբ։
«Մի բան է, որ դու մասնակի ես ստանում, այսինքն՝ ենթադրենք՝ 20%, 30% քո պահանջների, ուրիշ բան է, եթե ամբողջությամբ կախված ես այդ երկրի գազից»։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ մեկ աղբյուրից կախված լինելը երկրին կարող է հանգեցնել շատ մեծ ցնցումների։
Հայաստանը նաև ունի գազի պահեստավորման հնարավորություններ, որոնք կարող են ժամանակավոր բուֆեր ծառայել մատակարարումների խափանումների դեպքում։
«Գազ միշտ կա։ Եթե հիշում եք, էս վերջին շրջանում վերանորոգման աշխատանքների պատճառով շուրջ երկու շաբաթ չէր մատակարարվում, և այդ երկու շաբաթվա ընթացքում անխափան մատակարարումն իրականացվեց պահուստային գազի հաշվին՝ գազապահեստարաններից։ Եվ, կարծում եմ, այդ պահեստների ձևավորմամբ, նաև որոշակի մասը իրանական ներմուծմամբ, որոշ չափով ռուսական, թեկուզ այլ գնով ներմուծմամբ, հնարավոր է առաջիկա տարին, այսպես ասած, անցկացնել, մինչև նոր այլընտրանքային, այսինքն՝ Ադրբեջանի հետ վերջնական ինչ-որ բանի կգան»։
Տնտեսագետն անդրադառնում է նաև էներգետիկ համակարգի մյուս բաղադրիչներին, մասնավորապես՝ ատոմակայանի հետագա աշխատանքին։ Նրա խոսքով՝ էներգետիկ քաղաքականության փոփոխությունները պետք է իրականացվեն համակարգված և աստիճանաբար, քանի որ գազի մատակարարումների փոփոխությունը կարող է անդրադառնալ նաև էլեկտրաէներգիայի արտադրության վրա։
Նրա գնահատմամբ՝ այս փուլում կտրուկ քայլերի փոխարեն անհրաժեշտ է հետևողական մոտեցում՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր գործոնները, դրանց դրական և բացասական կողմերը և փորձելով գտնել Հայաստանի համար առավել արդյունավետ տարբերակը։
Տնտեսագետի խոսքով՝ առանցքային նշանակություն ունի էներգակիրների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումը՝ անկախ նրանից, թե որ երկրներից են դրանք ներմուծվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
