Հայաստանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ Երևանի հայտարարությունները դեռևս դեկլարատիվ բնույթ են կրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերի իրական անցումը ՆԱՏՕ-ի ստանդարտներին կլինի երկարատև ու բարդ գործընթաց, որը կպահանջի հսկայական բյուջետային ծախսեր՝ երկրի անվտանգության համար անհայտ ու անհասկանալի հեռանկարներով։
Անդրադառնալով ֆինանսական կողմին՝ Սալյուկովը նշել է, որ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի ստանդարտների միջև առկա տարբերությունը ստիպված են լինելու փակել Հայաստանի հարկատուները, քանի որ դաշինքի չափանիշներով մեկ զինծառայողի վրա կատարվող ծախսերը շուրջ 19 անգամ ավելի բարձր են։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը պատրանքներ չունի Հայաստանի իշխանությունների վարած ընթացիկ քաղաքականության վերաբերյալ և ելնում է արդեն իսկ ստորագրված փաստաթղթերի ու ստանձնած պարտավորությունների վերլուծությունից։ Ըստ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալի՝ եթե Երևանը նախապատվությունը տա անվտանգության ամերիկյան երաշխիքներին, ապա հետագայում հնարավոր է՝ հիասթափվի ակնկալվող արդյունքներից։