Սահակյանը մեկնաբանել է հայ գերիների մասին Ադրբեջանի ՄԻՊ հայտարարությունը

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մեկնաբանել է հայ գերիների մասին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությունը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն «անհիմն» էր որակել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից՝ իր և Ումբակիում պահվող մյուս հայ բանտարկյալների վերաբերյալ բարձրացրած հարցերը։

Սահակյանը նշել է, որ մի շարք բողոքներ, որոնք վերաբերում էին տեսազանգերի բացակայությանը, կրթության իրավունքին, ԿԽՄԿ-ի այցերի կանոնավոր հասանելիությանը, հարազատների հետ տեսակցություններին, նամակների ու ծանրոցների ստացմանը, դիվանագիտական կամ հյուպատոսական հասանելիությանը, ինչպես նաև Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի առաջարկած մարդասիրական այցին, պատասխանում պարզապես տեղ չեն գտել:

Հայ գերիների շահերի ներկայացուցիչը հերքել է Ադրբեջանի ՄԻՊ-ի աշխատակազմի այն պնդումը, որ ընտանիքի հետ կապն ապահովվում է։

Նա հիշեցրել է, որ կալանավորումից ի վեր հարազատների հետ ոչ մի տեսակցություն տեղի չի ունեցել։ Միակ առկա կապը հեռախոսային է, այն էլ՝ ոչ բոլորի համար։

Սահակյանը նշել է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին տրամադրված նոտարական ծառայությունը չի բացատրում, թե ինչու Վարդանյանը չի կարողանում ձևակերպել իր լիազորագրերը։ «Վարդանյանը բազմիցս փորձել է նոտարի հասանելիություն ստանալ՝ լիազորագրեր ձևակերպելու համար, կամ ստանալ համապատասխան ձևաթղթերը, որպեսզի դրանք ինքնուրույն ստորագրի։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի տրամադրվել։ Այդ պատճառով օգոստոսի 20-ին հայց է ներկայացվել Բաքվի վարչական դատարան, որը գրանցվել է միայն վերջերս»,- նշել է Սահակյանը։

Նրա խոսքով՝ գրքերի առկայությունը չի պատասխանում թերթերի բաժանորդագրության անհնարինության մասին բողոքին։ Բժշկական զննության մասին հայտարարությունը չի հաստատում, որ Վարդանյանի պահանջած կոնկրետ ախտորոշիչ հետազոտություններն իրականացվել են, իսկ դրանց արդյունքները փոխանցվել են նրան։

Նա նաև նշել է, որ Սաբինայի ներկայացրած պատասխանները հիմնավորված չեն ապացույցներով և փաստաթղթերով։ Այսպես. աշխատակազմը պնդում է, որ 916 թեժ գծին ուղղված յուրաքանչյուր դիմումի ժամանակին պատասխան է տրվել։ Վարդանյանին նման զանգ կատարելու հնարավորություն է տրվել մեկ անգամ՝ հունիսի 19-ին։ Որևէ հաստատող փաստաթուղթ չի ներկայացվել։ Չեն ներկայացվել նաև նրա անունից ուղարկված գրավոր դիմումների՝ ըստ էության պատասխանները։
Եթե ամենշաբաթյա հեռախոսազանգերն իսկապես հասանելի են յուրաքանչյուր բանտարկյալի, ապա ինչո՞ւ է Լյուդվիգ Մկրտչյանը հաջորդ զանգին սպասում մեկուկեսից ավելի քան երկու ամիս։

Անդրադառնալով փաստաբանի հասանելիության հարցին, նա նշել է, որ տեղացի փաստաբանին բազմիցս թույլ չի տրվել հանդիպել Վարդանյանի հետ։ Սեպտեմբերի 16-ին նրա մուտքը մերժվել է՝ հաստատության ղեկավարի բացակայության պատճառաբանությամբ։ Սեպտեմբերի 22-ին փաստաբանին կրկին մերժել են նույն պատճառաբանությամբ։ Այդ պատճառով հարցը հարկադրված տեղափոխվել է դատարան․ հանդիպումը թույլ չտալու փաստով հայց է ներկայացվել հաստատության վարչակազմի դեմ։

Սահակյանը հավելել է, որ բանտարկյալների՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու խնդրանքը, որը փոխանցվել է Վարդանյանի միջոցով, շարունակում է մնալ անպատասխան։ Ինչպես նաև անպատասխան են մնում բարձրացված այն հարցերը, որոնց հայտարարությունը խուսափել է պատասխանել:

Leave a Comment