
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն, գրում է «Հրապարակ»-ը: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում անմահացած տղաների նկարներն ու Հայաստանի դրոշը: Ամեն տարի ապրիլի 2-ին և հոկտեմբերի 12-ին, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ նաև սեպտեմբերի 27-ին, դպրոցի աշակերտները ծաղիկներ էին խոնարհում հերոսների նկարների առաջ և հիշում նրանց:

Սակայն 2025 թվականի նոյեմբերին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, ապա այս տարի տնօրեն դարձած Գոհար Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ այս ավանդույթը խաթարվեց, քանի որ դպրոցի տնօրենը որոշել է, որ հերոսների փառքի անկյունը չպետք է մնա, ավելի լավ է բաց, մաքուր պատ լինի այդտեղ: Եվ նա դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունը:
«Համոզվելու համար, որ իսկապես փառքի անկյունը հանվել է պատից, և աշակերտները ոչինչ չեն շփոթում, ինչպես նաև տեսնելու համար՝ գուցե փառքի անկյունը դպրոցի որևէ այլ պատի՞ն է հայտնվել, այցելեցի թիվ 10 ավագ դպրոց:

Կես ժամ սպասելուց հետո տնօրենը եկավ։ Խնդրեցի մեզ բացատրել, թե ինչու է հերոսների փառքի անկյունը հեռացվել պատից: Սակայն տնօրենը վրդովվեց հարցիցս և ինձ դուրս հրավիրեց դպրոցից, ավելի ուշ էլ զանգահարել էր ԿԳՄՍ նախարարություն, բողոքել, թե «Հրապարակի» լրագրողը եկել է դպրոց՝ վեճ սարքել: Իրականում, վեճը նա էր փորձում հրահրել, ես նրան ընդամենը հարցրի՝ ինչու են հեռացվել հերոսների նկարները»,- գրել է աղբյուրը:
Տնօրեն Գոհար Հովհաննիսյանը Ծաղկաձոր համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ է, օրեր առաջ էլ նա դպրոցի պատից հանել է Մեծ Հայքի քարտեզը, իսկ դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրել Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» քարտեզը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: