Գյումրիում «Մասնակցային բյուջետավորմամբ» հաղթած թափառող շների կացարանի ծրագիրը երկրորդ տարին է՝ չի իրականացվում։ Նախորդ տարի հաղթած ծրագրի համար նախատեսված մրցույթը վեց անգամ հայտարարվել է, բայց որևէ ընկերություն չի մասնակցել։ Այս տարի մասնակցային բյուջետավորմամբ արդեն Հաղթանակ զբոսայգու հիմնանորոգման ծրագիրն է հաղթել, և դրա շինարարությունն արդեն սկսվել է։
Գյումրիի կենտրոնում գտնվող զբոսայգին հիմնանորոգվում է 185 միլիոն դրամով։ Ծրագրի 40 տոկոսը պետական, 60 տոկոսը՝ համայնքային ֆինանսավորում է։ Նախատեսվում է կառուցել ու բարեկարգել ճեմուղիները, կանաչապատել տարածքը և վերագործարկել շատրվանները։ Եթե եղանակը թույլ տա՝ աշխատանքը կավարտվի 180 օրում։
Հաղթանակ զբոսայգին ստեղծման օրվանից երբևէ չի հիմնանորոգվել։ Այստեղով անցնող Քաղաքի գլխավոր կոյուղատարն էլ, որ այստեղթվ է անցնում, տասնամյակների ընթացքում քայքայվել է։ Շինարարներն այժմ նախ աշխատում են հենց այդ հատվածի վրա։ Աշխղեկ Գևորգ Կնյազյան․
«Աշխատանքներն արդեն երեք օր է՝ կատարում ենք, հիմնականում հիմա աշխատում ենք կոյուղագծի բացման և մաքրման ուղղությամբ: Ավարտելուց հետո արդեն կբետոնապատենք, սալիկները տեղադրենք, անցնենք մյուս աշխատանքներին»։


Առցանց քվեարկությամբ ծրագրին աջակցել էր 2160 գյումրեցի։ Այգու տարածքով անցնող 262 մետրանոց կոյուղատարը կառուցված է առանց խողովակների․ կեղտաջրերը հոսում են բետոնե բաց համակարգով։ Տարիների ընթացքում բետոնե հատվածները վնասվել են, իսկ ծառերի արմատները խոչընդոտել են համակարգի բնականոն աշխատանքին։ Աշխղեկը պատմում է․
«Ծառերը, որոնք խանգարում են, փտած են, կոտրվում են, դրանք հեռացնում է քաղաքապետարանը, մենք մեր աշխատանքը շարունակում ենք: Քանդելու ընթացքում հիմնականում ծառերի արմատների խնդիրներն էին, պատերը վնասված են, ծածկը վնասված է: Խողովակներ չկա, ինքը բետոնից տաշտակներ են, որը ժամանակի ընթացքում քայքայվել է: Հիմա մենք մաքրել ենք, կոնկրետ էս հատվածը բացել ենք, մաքրել ենք մեջի կեղտը, շարունակում ենք արդեն մյուս կողմից բացել, մաքրելը»։


Մինչև ցրտելը նախատեսվում է ավարտել ստորգետնյա համակարգի ամրացումը։ Ծրագրում սկզբնապես ներառված չեն եղել շատրվանները, սակայն քաղաքապետարանի հետ քննարկումից հետո դրանք ևս ներառվել են և նախատեսվում է վերագործարկել։
Իսկ Գյումրիում մասնակցային բյուջետավորման նախորդ հաղթող ծրագիրը, որի այդպես էլ չի հասել շինարարության փուլին։
2025 թվականին բնակիչների քվեարկությամբ հաղթել էր թափառող շների կացարանի կառուցման ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում էր 102 միլիոն դրամ, որից 86 միլիոնը պետք է տրամադրեր կազմակերպությունը, 16 միլիոնը՝ համայնքը։ Սակայն հայտարարված շինարարական մրցույթին որևէ ընկերություն չի մասնակցել։ Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական Հովսեփ Սիմոնյանը․
«Ներկայացնեմ ձեզ թափառող շների կացարանի կառուցման մրցույթը, որ մեր կողմից վեց անգամ մրցույթ հայտարարվեց, չկայացավ մասնակից չլինելու պատճառով: Էս ծրագիրը «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի միջոցով էր, 86 միլիոնը տալիս էր կազմակերպությունը, 16 միլիոնը՝ համայնքը: 25 թվականին չկարողացանք էս ծրագիրը իրականացնել, որովհետև իրականում ոչ մեկը չմասնակցեց էս մրցույթին և մնաց անկատար»։


Կյանքի չկոչված ծրագրի գումարը հաջորդ տարի չի տեղափոխվում․ ծրագիրը համարվում է չկայացած։ Թափառող շների խնդիրը, սակայն, Գյումրիում շարունակում է մնալ չլուծված։ Բնակիչները հաճախ ահազանգում են թափառող շների ոհմակների և հարձակումների մասին։ Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզում շան կծելու 427 դեպք է արձանագրվել։ Այս տարվա նույն շրջանում դեպքերի թիվը հասել է 705-ի՝ աճելով 65 տոկոսով։
Գյումրիի քաղաքապետարանը երկու տարի նաև թափառող շների ստերջացման ծրագիր է, սակայն այս տարի հայտարարված երեք մրցույթներին ևս որևէ կլինիկա չի մասնակցել։ Հովսեփ Սիմոնյան․
«Էս տարի մենք ևս երեք անգամ հայտարարել ենք մրցույթ, մասնակիցներ չեն եղել: Երևի թե ձեզ կհետաքրքրի, թե ինչու մասնակիցներ չկան: Ինքը ստանդարտ նորմեր ունեցող մրցույթ է, որը որոշակի պահանջներ է իրենից ներկայացնում: Օպերացիոն բլոկի խնդիր կա, հետագայում պահպանման խնդիր կա, որ մեր քաղաքում էտ կազմակերպությունները, որոնք զբաղվում են կենդանիների բուժումով, դրանք այդ հնարավորությունները չունեն և չեն կարող մասնակցել»։
Կացարանի հարցը, սակայն, համայնքը նախատեսում է լուծել արդեն սեփական միջոցներով։ Նախկին թռչնաբուծարանի տարածքում տեղն ընտրված է, իսկ շինարարության մրցույթն արդեն հայտարարված է։ Նախատեսվող արժեքը շուրջ 140 միլիոն դրամ է։


Հովսեփ Սիմոնյան․
«Մրցույթը հայտարարված է, և հույս ունենանք, որ մրցույթը կկայանա: Էս մրցույթը շուրջ 140 միլիոնի շրջանակներում է, տեղը նախատեսված է նախկին թռչնաբուծարանի տարածքում, բնակելի տներից բավականին հեռու է, տեղը հարմար տեղ կլինի, եթե կառուցվի էս ամբողջը»։
Այսինքն՝ մասնակցային բյուջետավորմամբ բնակիչների ընտրած շների կացարանի ծրագիրը չիրականացվեց, իսկ նախատեսված ֆինանսավորումը չտեղափոխվեց հաջորդ տարի։ Այժմ նույն ծրագրի շրջանակում արդեն այլ՝ Հաղթանակ զբոսայգու հիմնանորոգման ծրագիրն է իրականացվում, մինչդեռ շների կացարանի կառուցման համար համայնքը փորձում է առանձին միջոցներ գտնել։
Մրցույթները հայտարարվում են էլեկտրոնային հատուկ փակ հարթակում։ Թե որ կազմակերպություններն ու ինչ գնային առաջարկներով են մասնակցում, համայնքապետարանին հայտնի է դառնում միայն մրցույթի ավարտից հետո։ Այս մեխանիզմը նախատեսված է գործընթացը կողմնակի միջամտություններից զերծ պահելու և մրցույթի թափանցիկությունն ապահովելու համար։