Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ակնկալում է կոնկրետ քայլեր՝ Թուրքիային F-35 կործանիչների ծրագիր վերադարձնելու ուղղությամբ։
«Այս հարցը քննարկել ենք պարոն Թրամփի հետ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակում։ Նա դրական վերաբերմունք է ցուցաբերել Թուրքիային F-35 ծրագիր վերադարձնելու վերաբերյալ։ Այժմ ակնկալում ենք, որ այդ դիրքորոշումը կվերածվի կոնկրետ քայլերի։ Այս հարցի շուրջ շարունակում ենք մեր շփումները։ Վստահ եմ, որ արդյունքի կհասնենք», — ԱՄՆ-ից վերադառնալուց հետո իր լրատվական խմբի լրագրողներին ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի կառավարման ժամանակահատվածի համեմատ՝ Անկարայի և Վաշինգտոնի համագործակցությունը զգալիորեն առաջընթաց է գրանցել։
Միաժամանակ, անդրադառնալով սպառազինությանը և ավիացիային՝ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան առաջնահերթություն է տալիս սեփական պաշտպանական արդյունաբերության զարգացմանը։
«Մեզ համար չափազանց կարևոր է ազգային պաշտպանական արդյունաբերությունը։ Մենք ցանկանում ենք արտադրել սեփական մարտական ինքնաթիռները, առաջին հերթին՝ Kaan-ը, հակաօդային պաշտպանության համակարգերը և զարգացնել մեր պաշտպանական արդյունաբերության կարողությունները», — նշել է Էրդողանը։
Նա նաև հայտնել է, որ շարունակվում են Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունները Eurofighter կործանիչների շուրջ։
«Մենք հանդիպում ենք ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ։ Նրանց հետ Eurofighter-ի շուրջ մեր աշխատանքը շարունակվում է։ Թուրքիան ունի անվտանգության և պաշտպանության ոլորտում կարիքներ, ինչպես նաև ռազմավարական նպատակներ», — ասել է Էրդողանը։