Եկեղեցու մասին «զեկույցը» հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական․ Մայր Աթոռ

ՀՀ կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական, հայտարարել է Մայր Աթոռը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։

Մայր Աթոռը շեշտել է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում։

«Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Այսօր ավելի վաղ ՀՀ կառավարությունը հրապարակել էր «Եկեղեցում առաջացած ճգնաժամի մասին» զեկույցը, որում 16 կետով ներկայացրել է Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ իր գնահատականներն ու պնդումները և առաջարկել լուծումների ճանապարհային քարտեզ։

Իշխանություն-եկեղեցի հակադրությունը սրվել էր 2025 թվականի մայիսի վերջին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։ Հունվարին Փաշինյանն արդեն հայտնել էր համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ Կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել էին կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։

Փետրվարին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ, կիրառվել էր նաև երկրից բացակայելու արգելք։ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականի մեղադրում են դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեջ՝ կապված կարգալույծ Գևորգ Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մնալու հետ։

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

«Հանրային խայտառակություն», «չեմ հետևում»․ քաղաքացիները՝ կաթողիկոսի դատի մասին

«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» չեն մասնակցի եկեղեցու հարցով հանձնաժողովի աշխատանքին

Leave a Comment