Երկու տարի է՝ Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի խմելու ջրի նոր ցանցի շինարարությունը չի ավարտվում։ Ջրագիծը կառուցող «Արտ պլաս» ընկերության աշխատակիցներին գյուղի բնակիչները ժամանակ առ ժամանակ են տեսնում։ Շինարարությունն իրականացվում է ընդհատումներով և դանդաղ։
Թալին համայնքի միանգամից մի քանի բնակավայրում ջրամատակարարման համակարգերի անցկացման պայմանագիրը կնքվել է 2024 թ․-ի օգոստոսին։ «Արտ պլաս» ընկերությունը, բացի Կաքավաձոր բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգումից, պետք է ջրամատակարարման համակարգեր կառուցեր Ագարակավան և Կաթնաղբյուր բնակավայրերում։ 2026 թ․-ի սեպտեմբերի դրությամբ Կաքավաձորում ջրամատակարարման խողովակների մի մասն է անցկացվել։ 2024 թ․-ին կնքված պայմանագրով վերանորոգման աշխատանքների համար սահմանված է եղել 120-օրյա ժամկետ։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ պայմանագիրը երկարաձգվել է, իսկ շինարարական կազմակերպության նկատմամբ տույժեր են կիրառվել։ Պայմանագրի ժամկետը լրանալուց շաբաթներ առաջ ընկերությունը դիմել է համայնքապետարանին և խնդրել այն 30 օրով երկարաձգել։ Համայնքապետարանը բավարարել է դիմումը, և շինարարության ավարտի նոր ժամկետ է սահմանվել 2025 թ․-ի հունվարի 13-ը։
«Ելնելով եղանակային վատ պայմաններից, որոնց հետևանքով աշխատանքներ կատարել հնարավոր չէր, կամ տուժելու էր աշխատանքի որակը՝ 09.01.2025-ից մինչև 03.02.2025 թ․-ը աշխատանքները կասեցվել են»,- հայտնել է համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Դրանից հետո Կառավարության որոշմամբ այս և մի շարք այլ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ժամկետները երկարաձգվել են մինչև 2025 թ․-ի օգոստոսի 8-ը։ Շինարարությունը նշված ժամկետում ևս չի ավարտվել։ Թալինի համայնքապետարանը ժամկետների խախտման համար «Արտ Պլաս» ՍՊԸ-ից տույժեր է գանձել։ Կաքավաձորի ջրամատակարարման համակարգի նորոգման ժամկետը 47 օրով ուշացնելու համար կապալառուն 905 հազար դրամ տույժ է վճարել, իսկ Ագարակավան և Կաթնաղբյուր բնակավայրերի աշխատանքների համար՝ 1 միլիոն 822 հազար դրամ։
Տույժերը չեն ազդել, որ կապալառու ընկերությունը պայմանագրային պարտավորությունները ժամանակին կատարի։ Կառավարության՝ 2026 թ․-ին ընդունած մեկ այլ որոշմամբ կրկին երկարաձգվել է Կաքավաձորի խմելու ջրի ցանցի նորոգման աշխատանքների ժամկետը։ Նոր ժամկետ է սահմանվել 2027 թ․-ի հունիսի 30-ը։
«Ընկերության աշխատանքը գտնվում է համայնքապետարանի ամենօրյա հսկողության տակ, լուծվում են խնդիրները, որոնք խոչընդոտում են աշխատանքների կատարմանը»,- պատասխանել է Տավրոս Սափեյանը՝ շինարարության ժամկետների պարբերաբար երկարաձգումը հիմնավոր համարելով։
«Արտ պլաս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Միշո Ասատրյանը շինարարության ժամկետների խախտումը կապեց գրունտի հետ, որն իբրև թե դժվարությամբ է քանդվում։ Նա հավաստիացրեց, որ շինարարությունը կավարտեն այս տարի։ Մեր հարցերին ընկերության ներկայացուցիչը կարճ էր պատասխանում՝ առանց հավելյալ պարզաբանման։
«Արտ պլաս» ՍՊԸ-ն պետական գնումներին մասնակցում է 2018 թ․-ից՝ հիմնադրումից 4 տարի անց։ Ընկերությունը մի շարք համայնքներում, այդ թվում՝ Երևանում, միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել։ Ընկերության կայքի տվյալներով՝ ՍՊԸ-ն մասնագիտացած է մետաղական պատուհանների, խողովակների և երկաթբետոնե դիտահորերի արտադրությամբ։ Մինչդեռ պետական գնումներին մասնակցել և հաղթող է ճանաչվել հիմնականում շինարարական աշխատանքներ կատարելու համար։
Ընկերության դեմ կան նաև դատական հայցեր։ 2024 թ.-ին կայացված դատական վճռով «Արտ պլաս» ՍՊԸ-ն ՀՀ պետական բյուջե է վճարել 21 միլիոն դրամ, քանի որ քրեակատարողական հիմնարկներում վերանորոգումն անորակ է կատարել։ Դատարանը բավարարել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հայցը և ընկերությանը պարտավորեցրել է վճարել անորակ աշխատանքի համար։ Նախորդ տարի էլ «Արտ պլաս»-ը հայտնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից տուգանված ընկերությունների ցանկում․ 2020-2021 թթ. իրականացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները և ենթարկվել 3.9 միլիոն դրամ տույժի:
Այդուհանդերձ, անհասկանալի է, թե ինչու թերացումներից հետո որևէ պետական կամ համայնքային կառույց «Արտ պլաս» ՍՊԸ-ին չի փորձել ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից զրկող «սև ցուցակ»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter