ԱՄՆ-ում գրանցված Dynamic Frontier Holdings LLC ընկերությունը ձեռք է բերել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը և ընկերության ամբողջ չմարված պարտքը, հայտնել են ընկերությունները։
Գործարքն ավարտվել է սեպտեմբերի 22-ին, ինչի արդյունքում Dynamic Frontier Holdings-ը դարձել է «Թեղուտ» ՓԲԸ-ի վերջնական մայր ընկերությունը։ Գործարքի արժեքը հաղորդագրության մեջ չի նշվում։
ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գործարքը հաստատել է հուլիսի 8-ին։
Dynamic Frontier Holdings-ը նախատեսում է շարունակել հանքավայրի շահագործումը և ներդրումներ կատարել ձեռնարկության արդիականացման համար։ Ներդրումների ծավալը չի նշվում։
«Թեղուտը պղնձի արդյունահանման ոլորտում Հայաստանի երկրորդ խոշորագույն ընկերությունն է և երկրի համար չափազանց կարևոր ակտիվ։ Այն ունի բարձր որակավորում ունեցող աշխատուժ և արժանի է լուրջ ներդրումների»,- հայտարարել է Dynamic Frontier Holdings ընկերությունը։
Նոր սեփականատերը նաև նախատեսում է ստեղծել սոցիալական հիմնադրամ՝ Լոռու մարզի և տեղական համայնքի նախաձեռնություններին աջակցելու համար։ Հիմնադրամի սկզբնական ֆինանսավորումը կկազմի 5 մլն դոլար։ Հետագայում նախատեսվում են ամենամյա հատկացումներ։
Dynamic Frontier Holdings-ը ԱՄՆ-ում գրանցված ներդրումային ընկերություն է և Հայաստանում գրանցված «Cuprar RA» ՍՊԸ-ի մայր ընկերությունը։
«Թեղուտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին՝ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով։ Ընկերության տվյալներով՝ հանքավայրի պղնձամոլիբդենային հանքաքարի պաշարները գնահատվում են շուրջ 450 մլն տոննա, հաստատված պաշարները կազմում են մոտ 1,6 մլն տոննա պղինձ և 100 հազար տոննա մոլիբդեն։ Հանքահարստացուցիչ համալիրը շահագործման է հանձնվել 2014 թվականին։
