ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Խաղաղության խորհրդի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգրավվածության մասին։
«Ի տարբերություն բազմաթիվ այլ միջազգային հակամարտությունների՝ հայ-ադրբեջանական դեպքում ձևավորվել էին խաղաղության համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ պայմանները»,- ասել է Ուիթքոֆը՝ նշելով երկու երկրների ղեկավարների «պրագմատիկ մոտեցումը», որոնք հասկանում էին երկարատև հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
«Վաշինգտոնը երկու երկրների ղեկավարների հետ առաջին շփումներից հետո տեսավ համաձայնության հասնելու հնարավորություն։ Եվ Նիկոլ Փաշինյանը, և Իլհամ Ալիևը, չնայած պետությունների միջև երկարամյա հակամարտությանը, պատրաստ էին խաղաղության ճանապարհ փնտրել»,- նշել է Ուիթքոֆը։
Նա նաև պատմել է, որ Բաքու կատարած իր առաջին այցից հետո Թրամփին ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի գնահատականը և պատմել Երևանի ու Բաքվի հարաբերություններում առկա խնդիրների մասին։
Ուիթքոֆի խոսքով՝ Թրամփը իր թիմին հանձնարարել է հայ-ադրբեջանական կարգավորումը դարձնել առաջնահերթություններից մեկը։
«Նախագահն իսկապես սկսեց կենտրոնանալ դրա վրա»,- ասել է Ուիթքոֆը՝ հավելելով, որ Թրամփը բանակցությունների ընթացքում աջակցել է իր ներկայացուցիչներին և հասանելի է եղել խորհրդակցությունների համար։
ԱՄՆ հատուկ բանագնացն առանձին անդրադարձել է նաև Փաշինյանի և Ալիևի՝ Օվալաձև աշխատասենյակում ունեցած հանդիպմանը։ Նրա խոսքով՝ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խնդրել է միմյանց ձեռք սեղմել, ապա իր ձեռքերը դրել է նրանց միացված ձեռքերի վրա։
«Իսկ հիմա սա թիմ է լինելու»,- Ուիթքոֆը մեջբերել է Թրամփի խոսքերը։
Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Ուիթքոֆը հայտարարել է, որ դրա մեկնարկը պետք է էապես արագացնի ապրանքների տեղաշարժը առևտրային երթուղիներով։ Նրա խոսքով՝ նախագծի գործարկումից հետո բեռնափոխադրումների ժամկետները կարող են կրճատվել մոտ երկուսուկեսից երեք շաբաթով։
Ուիթքոֆի կարծիքով՝ նոր ենթակառուցվածքը հնարավորություն կտա վերացնել առկա տրանսպորտային մի շարք սահմանափակումներ, ամրապնդել տարածաշրջանների միջև կապը և պայմաններ ստեղծել ներդրումների զգալի ներհոսքի համար։