Գարեգին Բ-ի հեռացումից մինչև նոր կաթողիկոսի ընտրություն․ կառավարության զեկույցը

ՀՀ կառավարությունը հրապարակել է «Եկեղեցում առաջացած ճգնաժամի մասին» զեկույցը, որում 16 կետով ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ իր գնահատականներն ու պնդումները և առաջարկել լուծումների ճանապարհային քարտեզ։

Եկեղեցու վերաբերյալ զեկույցի 16 կետերը

Զեկույցում ներկայացված 16 կետերից առաջինով իշխանությունը շարունակել է պնդել, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի»։

Երկրորդ կետով զեկույցի հեղինակները պնդել են, որ Գարեգին Բ-ի կողմից կուսակրոնության ուխտի ենթադրյալ խախտումը նման վարքագծի ընդունելիության ընկալում է ձևավորել նաև այլ կուսակրոն հոգևորականների շրջանում։

Զեկույցի 3-րդ կետով պնդել են, որ բարձրաստիճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտի և բարեվարքության ենթադրյալ խախտումները պատշաճ քննության չեն արժանանում, իսկ գործող կարգապահական մեխանիզմները չեն ապահովում անկախ քննություն։

Չորրորդ կետով զեկույցի հեղինակները նշել են, որ եկեղեցական ղեկավարությանը քննադատող կամ որոշ հրահանգների հակադրվող հոգևորականների նկատմամբ, իրենց գնահատմամբ, կիրառվել են կարգապահական միջոցներ և կարգալուծումներ՝ առանց պատշաճ քննության։

Հինգերորդ կետով անդրադարձել են ՀԱԵ-ի ֆինանսական թափանցիկությանը՝ շեշտելով, որ ֆինանսական մուտքերի, նվիրատվությունների և ծախսերի ամբողջական հրապարակային հաշվետվողականություն չկա, իսկ գույքի ու ֆինանսների տնօրինումը, ըստ իրենց, կենտրոնացված է կաթողիկոսի ձեռքում։

Վեցերորդ կետով ընդգծել են, որ «Գարեգին Բ-ն իր ազգականներին եպիսկոպոս է ձեռնադրել, իսկ ծննդավայր Ոսկեհատից շուրջ երկու տասնյակ անձանց՝ հոգևորական՝ նրանցից շատերին նշանակելով բարձր եկեղեցական պաշտոնների»։

Զեկույցի 7-րդ կետում նշել են, որ Գարեգին Բ-ն և մի շարք բարձրաստիճան հոգևորականներ «ներգրավվել են քաղաքական գործունեության մեջ, իսկ որոշ հոգևորականների պարտադրել են կազմակերպել քաղաքական ակցիաներ կամ մասնակցել դրանց»։

Ութերորդ կետով հավելել են, որ «հոգևորականների մասնակցությամբ ստեղծվել է սոցիալական ցանցերի իրական և կեղծ օգտատերերի ցանց՝ քաղաքական քարոզչություն իրականացնելու համար»։

Իններորդ կետով, ըստ զեկույցի հեղինակներըի, կաթողիկոսը և նրա ընտանիքի անդամները Հայ առաքելական եկեղեցին օգտագործել են Հայաստանում արտաքին ազդեցություն տարածելու համար։

Տասներորդ կետով արձանագրել են, որ ՀԱՍԵ գերագույն մարմինը՝ Ազգային-եկեղեցական ժողովը, վերջին անգամ գումարվել է 1999 թվականին՝ Գարեգին Բ-ի ընտրության ժամանակ, և դրանից հետո չի գումարվել։

Տասնմեկերորդ կետով նշել են, որ սահմանված պարբերականությամբ չեն գումարվել նաև Եպիսկոպոսաց և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովները, ինչի հետևանքով, ըստ զեկույցի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները պատշաճ կարգով չեն ընտրվել, իսկ մի շարք կանոնադրական փաստաթղթեր չեն վավերացվել։

Զեկույցի 12-րդ կետով պնդել են, որ Գարեգին Բ-ի օրոք չի ընդունվել Հայ առաքելական եկեղեցու միասնական Սահմանադրությունը, որը պետք է կարգավորեր եկեղեցու կառավարման և կանոնական գործունեության հիմնական հարցերը։

13-րդ կետով զեկույցի հեղինակները նշել են, որ կանոնադրական, կադրային և գույքային միջամտությունները Սփյուռքի մի շարք թեմերում պառակտումներ են առաջացրել և սահմանափակել դրանց ինքնավարությունը։

14-րդ կետով նշել են, որ ՀԱԵ-ին պատկանող կամ նրա տնօրինմանը հանձնված «ավելի քան 100 անշարժ գույք լքված է, նպատակային չի օգտագործվում կամ շահագործվում է առևտրային նպատակներով»։ Ըստ զեկույցի՝ «եկեղեցի կառուցելու պայմանով ստացված առնվազն 24 հողամասում ևս եկեղեցի չի կառուցվել»։

Զեկույցի 15-րդ կետով նշել են, որ Գարեգին Բ-ն «27 տարում Հայաստանի 12 թեմերից միայն երկուսում է հովվապետական այց կատարել, իսկ իր օրոք հիմնադրված չորս նոր թեմերից ոչ մեկում նման այց չի իրականացրել»։

16-րդ կետով զեկույցի հեղինակները հավելել են, որ «Հայաստանում և հետխորհրդային երկրների մի շարք թեմերում պատշաճ չեն գործում թեմական ու ծխական ընտրովի մարմինները, ինչի հետևանքով հավատացյալները զրկված են եկեղեցու կառավարմանը մասնակցելու հնարավորությունից, իսկ թեմերի ինքնավարությունը սահմանափակված է»։

Ի՞նչ լուծումներ են առաջարկվում զեկույցում

Զեկույցում ներկայացվել է հինգ կետանոց ճանապարհային քարտեզ։ Դրա հիմքում հեղինակները դրել են կանոնականության, խորհրդակցական կառավարման, ապաքաղաքականացման, ֆինանսական թափանցիկության, հոգևորականների բարեվարքության և պետություն-եկեղեցի տարանջատման սկզբունքները։ Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունները պետք է իրականացնի եկեղեցին, իսկ պետությունը չպետք է միջամտի նրա ներքին վարդապետական և կանոնական ինքնուրույնությանը։

Առաջին քայլով առաջարկվել է հոգևորականներից և աշխարհականներից ձևավորել համակարգող խումբ, քննարկումներ կազմակերպել Հայաստանի և Սփյուռքի թեմերում, ինչպես նաև խորհրդակցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքությունների հետ։

Երկրորդ քայլով առաջարկվել է Գարեգին Բ-ին հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռից՝ հանգստի կոչելու միջոցով։ Որպես հիմքեր հեղինակները նշել են զեկույցի 16 կետերում ներկայացված վերոնշյալ հանգամանքները։

Երրորդ քայլով առաջարկվել է Եպիսկոպոսաց ժողովի կողմից ընտրել կաթողիկոսական տեղապահ, որը պետք է նախապատրաստի Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը, Հայ առաքելական եկեղեցու միասնական կանոնադրության ընդունումը և նոր կաթողիկոսի ընտրությունը։ Նախատեսվել է նաև Եկեղեցու ֆինանսական ու գույքային վիճակի գույքագրում և անկախ աուդիտ, ինչպես նաև կարգալույծ հռչակված հոգևորականների գործերի վերանայում։ Նշվում է, որ տեղապահը չպետք է կարողանա առաջադրվել կաթողիկոսի թեկնածու իր նախապատրաստած ընտրություններում։

Չորրորդ քայլով առաջարկվել է Ազգային-եկեղեցական ժողովում ընդունել Հայ առաքելական եկեղեցու միասնական կանոնադրությունը։ Դրանով նախատեսվում է սահմանել եկեղեցական կառավարման մարմինների ձևավորման և գործունեության կարգը, ստեղծել անկախ կանոնական դատարան և վերստուգիչ մարմին, սահմանել ֆինանսական թափանցիկության պահանջներ, ինչպես նաև ազգակցական ձեռնադրումների ու նշանակումների և քաղաքական գործունեության արգելքներ։

Հինգերորդ քայլով առաջարկվել է նոր կանոնադրությամբ սահմանված կարգով գումարել Ազգային-եկեղեցական ժողով և ընտրել նոր կաթողիկոս։ Զեկույցի հեղինակներն առաջարկել են նախապես և հրապարակայնորեն ստուգել թեկնածուների համապատասխանությունը կանոնական պահանջներին, այդ թվում՝ բարեվարքության և կուսակրոնության ուխտի պահպանման հարցերը։

Իշխանություն-եկեղեցի հակադրությունը սրվել էր 2025 թվականի մայիսի վերջին, երբ Փաշինյանը հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցրել կաթողիկոսի հասցեին և պահանջել, որ նա հեռանա։ Հունվարին Փաշինյանն արդեն հայտնել էր համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նոր կաթողիկոսի ընտրության գործընթաց կազմակերպելու համար։ Կաթողիկոսի հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը» ներառվել էին կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։

Փետրվարին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ, կիրառվել էր նաև երկրից բացակայելու արգելք։ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականի մեղադրում են դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեջ՝ կապված կարգալույծ Գևորգ Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մնալու հետ։

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

«Հանրային խայտառակություն», «չեմ հետևում»․ քաղաքացիները՝ կաթողիկոսի դատի մասին

«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը» չեն մասնակցի եկեղեցու հարցով հանձնաժողովի աշխատանքին

 

Leave a Comment