«Մենք չենք ուզում պայմանավորվել, որ գազի գինը բարձրանա, նման միտք չունենք»,- ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը։
«Գազի գին ասելիս, չգիտես թե ինչու, բոլորը պատկերացնում են դոլարային ինչ-որ այսքան-այնքան։ Դա նաև քաղաքական գին է իր մեջ ներառում, և այդ քաղաքական գինը, կարծում եմ, ակնհայտ է»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը և հավելել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ասել է, որ մենք պատրաստ չենք և այլևս չենք լինելու կախված մեկ խողովակագծից․
«Մեկ, այսպես ասած, ասեղից, քմահաճույքից և ճնշման կոճակից, և անելու ենք Հայաստանի Հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում այդ դիվերսիֆիկացման գործընթացը»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանն անկախ երկիր է, որն իր իշխանությունը ձևավորում է իր ժողովրդի ընտրության շնորհիվ․ «Եվ Հայաստանը չունի կոնֆլիկտ, որն օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պրոցեսներ գեներացնելու կամ դրանք ցանկացած ուղղությամբ տանելու համար, և իր սուվերենությունը պահպանելու է։ Ի դեպ, Ռուսաստանի գործընկերներն էլ են մշտապես խոսելիս ասում, որ դա ձեր սուվերեն որոշման իրավունքն է, մենք ընդունում ենք այդ փաստը»,- շեշտել է նա։
