ՌԴ-ն կարող է դադարեցնել ՀՀ գազամատակարարումը՝ պահանջներ չկատարելու դեպքում․ ԶԼՄ

Ռուսաստանը կարող է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստան գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր ներկայացրած քաղաքական պահանջները, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ռուսաստանյան իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է չորս պահանջ՝ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի, ռուսական կապիտալով ընկերությունների, Եվրամիության անդամակցության և, թերթի բնորոշմամբ, ռուսամետ գործիչների նկատմամբ հետապնդումների վերաբերյալ։

Մասնավորապես, պարբերականի աղբյուրի պնդմամբ՝ Փաշինյանին առաջարկվել է հրաժարվել ռազմաբազայի թեմայով քննարկումներից և ռուսական կապիտալով ընկերությունների նկատմամբ գործողություններից։ Թերթը հիշատակում է երկաթուղին և «Գազպրոմ»-ը։

ԵՄ-ի հարցում, ըստ նույն աղբյուրի, առաջարկվել է երկու տարբերակ՝ կա՛մ չեղարկել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, կա՛մ հայտարարել այդ հարցով հանրաքվեի օրը։

Չորրորդ պահանջը, ըստ թերթի, վերաբերում է «ռուսամետ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելուն»։

Պարբերականը նաև գրում է, որ ռուսական կողմը պահանջել է կառավարությունում նշանակել իր համար ընդունելի փոխվարչապետ, որի հետ կկարողանա անմիջականորեն աշխատել։

Գազամատակարարման հնարավոր դադարեցումը, ըստ թերթի աղբյուրների, կարող է պատճառաբանվել խոշոր վթարով կամ ֆորսմաժորային հանգամանքներով։

ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացման ֆոնին ռուս պաշտոնյաները դեռ մայիսից հայտարարել էին ՀՀ մատակարարվող գազի գնի շուրջ հնարավոր վերանայումների մասին։ Փաշինյանն, ի պատասխան, ակնարկել էր, թե ռուսական գազի թանկացման դեպքում ՀՀ-ն ևս կարող է «թանկացնել որոշ բաներ»։ 

Կարդացեք նաև՝ 

Գազի թանկացման դեպքում կբարձրացնենք 102-րդ ռազմաբազայի վարձավճարը․ Գաբրիելյան

Կարապետյանը տնտեսական ռիսկեր է տեսնում․ ֆիննախում վատատես չեն

Leave a Comment