ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։
Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։
Զեկույցը պատրաստվել է ՀՀ ՎԱ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից՝ կենտրոնի գործունեության կանոնադրական նպատակներին և գործառույթներին համապատասխան։
Զեկույցի նպատակն է բաց աղբյուրների ուսումնասիրության հիման վրա փաստագրել ՀԱՍԵ-ում առաջացած ճգնաժամը եւ առաջարկել լուծման ուղիներ։
Սույն զեկույցը չի վիճարկում Եկեղեցու դավանաբանական հիմքերը, Սրբազան Ավանդությունը և կանոնական կարգը։ Հակառակը՝ այն փաստագրում է հենց այդ հիմքերի խախտումները՝ ի պաշտպանություն Եկեղեցու ինքնության և ինքնավարության։
Զեկույցում ընդգծված է, որ բարենորոգումն իրականացնում է ինքը՝ Եկեղեցին՝ իր նվիրապետության և հավատավոր ժողովրդի խորհրդակցային մասնակցությամբ, իսկ պետությունը գործում է իր օրենսդրական իրավասությունների շրջանակում։
Զեկույցում օգտագործվել են բացառապես բաց աղբյուրներում առկա և օրինական ճանապարհով հասանելի տեղեկություններ՝ ավելի քան 250 հղումով։
Յուրաքանչյուր ուղղությամբ փաստերն ու վկայությունները համադրվել են ՀԱՍԵ Կանոնագրքի, Առաքելական կանոնների, Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու 1945թ. Կանոնադրության, կանոնական այլ փաստաթղթերի և ՀՀ օրենսդրության համապատասխան դրույթների հետ։
Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է ճգնաժամը։
Դրանց թվում են՝
- կուսակրոնության ուխտի խախտումը և բարեվարքության խախտումների անպատժելիությունը,
- հոգևորականների կամայական հետապնդումները և կարգալուծությունները,
- ֆինանսական անթափանցիկությունը և եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը,
- ազգակցական ձեռնադրությունները և կլանային կառավարումը,
- Սուրբ Խորանի քաղաքականացումը և արտաքին ազդեցությունների տարածումը,
- Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանումը և միասնական Սահմանադրության բացակայությունը,
- պառակտումները Սփյուռքի թեմերում։
Զեկույցն առաջարկում է ճգնաժամի հաղթահարման հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ։
Զեկույցի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
