Օկուպացված Արցախում՝ Քարվաճառի տարածքում գտնվող Զոդի ոսկու հանքավայրում Ադրբեջանը կսկսի մետաղի արդյունահանումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նշելով, որ նախատեսվում է այդ տարածքում հիմնել նաև վերամշակման օբյեկտ։ Այն համարվում է Կովկասում ամենախոշոր ոսկու հանքավայրը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, սա նախատեսված է Ադրբեջանի Հանրապետությունում հանքարդյունաբերության (մետաղական հանքաքարի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման՝ 2027–2030 թվականների պետական ծրագրով, որը հաստատվել է Իլհամ Ալիևի հրամանագրով։
Ծրագիրը նախատեսում է 2027–2030 թվականների ընթացքում իրականացնել գեոտեխնիկական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ, պատրաստել գնահատման հաշվետվություն՝ հանքավայրի առկա պաշարները ճշգրտելու նպատակով, մշակել ֆինանսական մոդել և կազմել հանքավայրի շահագործման պլան։
Օրեր առաջ «AzerGold» ՓԲԸ-ի վարչության նախագահ Զաքիր Իբրահիմովը ներկայացրել է չորս հիմնական ռազմավարական նախագիծ, որոնք ընկերությունն իրականացնում է այդ պետական ծրագրի շրջանակներում։
Այդ նախագծերի համար նախատեսված ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է մոտ 3,63 միլիարդ մանաթ, գումարի միայն մոտ 10 տոկոսը կֆինանսավորվի պետական բյուջեից։
Զոդում արտադրության մեկնարկը նախատեսված է 2028 թվականին։ Նախագծի շրջանակում ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա։ Հետախուզական աշխատանքները շարունակվում են, և հավանականություն կա, որ այդ ցուցանիշը կարող է աճել։ Ոսկու ընթացիկ գների պայմաններում նախագծի տնտեսական արժեքը գնահատվում է 7,5 միլիարդ մանաթ, իսկ պահանջվող ներդրումների ընդհանուր ծավալը՝ 425 միլիոն մանաթ։
Սոթքի ոսկու հանքավայրի տարածքի մի մասը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հանքը վերջին տարիներին անվտանգության նկատառումներից ելնելով չի գործում։
Աղբյուրը` Panorama.am