Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դեռևս արգելված է լքել երկիրը, հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանները նշել են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի վերաբերյալ ընթացող դատական գործով դատավորների ինքնաբացարկը ու գործը դատարանից դատարան փոխանցելը փաստացի երկարաձգում են կաթողիկոսի տեղաշարժի սահմանափակումը։
«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս քրեական հետապնդումը և վերացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը՝ հնարավորություն տալով նրան այցելելու աշխարհասփյուռ իր համայնքներին և լիարժեք կատարելու իր հովվապետական պարտականությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Գործով փաստաբանական թիմը խորապես մտահոգություն է հայտնել պետական իշխանության լծակների օգտագործմամբ՝ ավելի քան 1700 տարի հայկական ինքնության և քրիստոնեական հավատի հենասյուն հանդիսացող եկեղեցու առաջնորդին վարկաբեկելուն, լռեցնելուն և իր կարգավիճակից զրկելուն ուղղված իշխանության գործողություններով, որոնք վկայում են եկեղեցու նվիրապետության նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու ձգտման մասին։
Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը։
Փաստաբանները նշել են, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից հեռացնելը, բանակից և քրեակատարողական հիմնարկներից հոգևորականներին հեռացնելը, Անմահ և Սուրբ Պատարագի ծիսակարգը փոփոխելու փորձերը, եկեղեցիների զավթումը, Եկեղեցու նոր կանոնադրություն մշակելու և Կաթողիկոսին փոխելու ծրագրերը, ինչպես նաև բազմաթիվ քրեական գործերով հոգևորականների նկատմամբ հետապնդումները կազմում են եկեղեցու ինքնավարության դեմ ուղղված լայնածավալ ճնշումների շղթան։
Նրանք հիշեցրել են, որ եկեղեցու ինքնավարությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Դրա պաշտպանությունն անմիջականորեն առնչվում է նաև հավատացյալների՝ իրենց կրոնը ազատորեն դավանելու իրավունքին։
Իշխանության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Եկեղեցու և
Հայտարարության մեջ ասվում է, որ կաթողիկոսին մեղադրում են մի արարք կատարելու մեջ, որը հանդիսանում է իր բացառիկ կանոնական լիազորությունը: Նա կարգալույծ է հռչակել եպիսկոպոսին, որպիսի գործողությունը դատախազությունը համարել է որպես քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին դատական ակտի կատարման խոչընդոտում: Ընդ որում, քաղաքացիական գործով դատական ակտն էլ միջամտում է եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը, որի անթույլատրելիության մասին ՄԻԵԴԸ տարբեր վճիռներով դիրքորոշում է արտահայտել:
Փաստաբանական թիմի պնդմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, իսկ հիմա՝ դատարանում դեռևս նախնական դատալսումների փուլում քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Փաստաբաններն ակնկալում են միջազգային հանրության կողմից հստակ հրապարակային արձագանք և դատավարության անկախ դիտարկում՝ կրոնական ազատության, եկեղեցու ինքնավարության և արդար դատաքննության երաշխիքների պահպանման նպատակով։
