Փաշինյանը և Էրդողանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հարցը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը:

«Այդ առումով, կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Փաշինյանը և Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Այսօր ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից։ 2022 թվականից երկրները բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Նույն թվականի հուլիսին կողմերը պայմանավորվել էին ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։

Leave a Comment