Հայաստանում նոյեմբերի 20-22-ը տեղի կունենա տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ DigiTec 2026-ը։ Միջոցառումն այս տարի կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպո-կենտրոնում՝ «Աշխարհի նոր արհեստական բանականության հաբ» խորագրով։
2005 թվականից կազմակերպվող DigiTec-ը մեկ հարթակում համախմբում է տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների, ներդրողների, ոլորտի մասնագետների, կրթական նախաձեռնությունների և պետական կառույցների ներկայացուցիչներին։
DigiTec-ի կազմակերպիչ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԱՏՁՄ) նախագահ Արմեն Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը դարձել է մի երկիր, որը ոչ միայն օգտագործում է տեխնոլոգիաներ, այլև ստեղծում դրանք։
«Մեր՝ ԱՏՁՄ-ի հիմնական նպատակը, երազանքն այն է, որ Հայաստանը լինի բարձր տեխնոլոգիական այնպիսի երկիր, որն աննախադեպ արժեք է ստեղծում»։
Այս տարի միջոցառման առանցքում լինելու են արհեստական բանականությունը և Հայաստանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական ու AI ենթակառուցվածքների կենտրոն ներկայացնելու գաղափարը։
«DigiTec-ն ինքնին մարմնավորում է այն մոդելը, որով մենք ուզում ենք, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի բոլոր կազմակերպություններն անցնեն։ Այսինքն՝ սկսվի համեստ մի գաղափարից, միգուցե մի ստարտափից, և հասնի մի կարգավիճակի, որտեղ ազդեցությունը, նշանակությունն ու դերը դուրս են գալիս և գերազանցում Հայաստանի սահմանները»։
Կազմակերպիչների խոսքով՝ DigiTec 2026-ին մասնակցելու են ավելի քան 200 տեղական և միջազգային ընկերություններ, ստարտափներ, գործարար պատվիրակություններ և ներդրողներ։ Նախատեսվում է նաև ավելի քան 30 հազար այցելու։
«Երկու կարևոր ակտիվից է բաղկացած այդ պատմական հնարավորությունը, որ մենք ունենք։ Առաջինը մեր արհեստական բանականության տվյալների կենտրոններն (դատակենտրոններն) են և հաշվողական հզորությունը, որոնք ստեղծվեցին Հայաստանում, և երկրորդը՝ տաղանդը»։
Այդ երկու, այսպես ասած, «հենասյուների» հիման վրա էլ կառուցվում և դիրքավորվում է Հայաստանը՝ որպես արհեստական բանականության նոր հանգույց աշխարհի համար։
Միջոցառման առանցքային բաղադրիչներից մեկը միջազգային համաժողովն է։ Երեք օրվա ընթացքում նախատեսվում է ավելի քան 100 միջազգային խոսնակի մասնակցություն։ Նրանց թվում են NVIDIA-ի, OpenAI-ի, Microchip Technology-ի, Revolut-ի, Mozilla-ի, AWS-ի, Dell-ի, Field AI-ի և այլ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ։
Firebird AI ընկերության համահիմնադիր ու տնօրեն Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ կառուցելով 100 հազար NVIDIA Rubin (Վերա Ռուբին) տեսակի GPU, Հայաստանը կհայտնվի աշխարհի խոշորագույն երկրների ցանկի 5-10-րդ տեղում, իսկ տարածաշրջանում կլինի առաջատարը․
«Հիմա աշխատանքները հնարավորինս արագացված տանում ենք առաջ, որպեսզի կարողանանք գործարկել մեր երկրորդ փուլը»։
Եսայանը նկատում է՝ խոսքը գնում է մոտ 7-8 մլրդ դոլարի ներդրման մասին, իսկ երրորդ փուլում կլինի ավելի շատ։ Միայն այս փուլում ընդգրկված են 1000-ավոր աշխատակիցներ, որոնք հիմնականում հայեր են։
«Նույն Firebird-ի օրինակով՝ մենք նույնպես ուրախ ենք և առավելագույնս մասնակցում ենք հենց հրավերների մասով, որպեսզի կարողանանք դրսից բերել լավագույն ընկերությունների ղեկավարներին»։
Համաժողովի ծրագրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնելու նաև DigiHub-ը՝ մասնագիտական ելույթների համար նախատեսված առանձին հարթակը։ DigiTec-ի շրջանակում կներկայացվի նաև OpenTalks.AI միջազգային ծրագիրը, որը հնարավորություն կտա մասնակիցներին անմիջական կապեր հաստատել արհեստական բանականության ոլորտի մասնագետների և միջազգային փորձագետների հետ։
Տեխնոլոգիական ցուցահանդեսում ընկերություններն ու ստարտափները կներկայացնեն իրենց արտադրանքը, նորարարական լուծումներն ու տեխնոլոգիաները։ Startup Alley-ն նախատեսված է հատկապես նորաստեղծ ընկերությունների և նրանց գաղափարների ներկայացման համար։
DigiTec-ը միայն ցուցահանդես և համաժողով չէ։ Միջոցառման կարևոր ուղղություններից է նաև B2B հանդիպումների հարթակը, որի միջոցով մասնակիցները կարող են նոր գործարար կապեր հաստատել, գտնել գործընկերներ, ներկայացնել ներդրումային նախագծեր և ընդլայնել միջազգային համագործակցությունը։
DigiTec-ի գործընկերն ու հովանավորն է նաև Երևանի քաղաքապետարանը, որը կարևորում է նման ծրագրերը մեր երկրում։
«Երևանի քաղաքապետարանն իր՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» նոր պրոդուկտները նույնպես ներկայացնում է DigiTec-ում։ Բայց DigiTec-ը բացառություն չէ․ Երևանի քաղաքապետարանը մասնավոր ոլորտի կողմից կազմակերպվող մի շարք միջոցառումների, որոնց կարևորությունը հարկ է համարում ընդգծել և իսկապես կարևոր է համարում, մշտապես սատար է կանգնում Երևան համայնքի բյուջեի հնարավորությունների շրջանակում»։
Radar Armenia-ն հետաքրքրվեց՝ կան արդյոք մեծ ընկերություններ, որոնց հետ Հայաստանը պատրաստ է համագործակցել։
«Հսկայական աշխատանքը, որ ԱՏՁՄ-ի թիմն անում է այդ կազմակերպություններին Հայաստան բերելու և մի քանի օր Հայաստանը տեխնոլոգիական հավաքատեղի դարձնելու ուղղությամբ, մեծ հնարավորություն է հայկական ընկերությունների համար՝ ոչ միայն բարձր, այլև օպերացիոն մակարդակով ձևավորելու համագործակցություններ»։
Այսպիսով, DigiTec 2026-ը Երևանում մեկ հարթակում կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի տարբեր դերակատարների՝ միջազգային ընկերություններից ու ներդրողներից մինչև ստարտափներ և մասնագիտական համայնքներ։ Իսկ այս տարվա գլխավոր շեշտադրումը լինելու է արհեստական բանականությունը՝ Հայաստանը տարածաշրջանային և միջազգային տեխնոլոգիական քարտեզում առավել տեսանելի դարձնելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում։
