«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը հեռացել է Ազգային ժողովում (ԱԺ) արցախցիների խնդիրներին նվիրված քննարկումից՝ Արցախի պետական պաշտոնյաների հիշատակումից հետո։ Քննարկումն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Նա հայտարարել է, որ ակնկալում էր քննարկել արցախցիների սոցիալական խնդիրները, սակայն, իր գնահատմամբ, հանդիպումը վերածվել է «միջխորհրդարանական քննարկման», և այնտեղ «ինչ-որ պաշտոնների անուններ են հնչում»։
«Հայաստանում չի կարող լինել երկու խորհրդարան, չի կարող լինել երկու կառավարություն, և մենք ստիպված ենք լքել այս քննարկումը»,- ասել է Պողոսյանը։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, արձագանքելով պատգամավորի հեռանալուն, հորդորել է առնվազն առցանց հետևել քննարկմանը և բարձրաձայնվող խնդիրներին։
«Այստեղ Ազգային ժողովում ընդդիմություն, իշխանություն չկա, կա արցախահայության իրավունքների պաշտպանություն, որը հավասարապես ինչպես ընդդիմության, այնպես էլ ձեր մանդատն է և ձեր պարտքն ու պատասխանատվությունը»,- հայտարարել է Գալստյանը։
Գալստյանը նաև ընդգծել է, որ ԱԺ-ն միայն քաղաքական մեծամասնությանը չի պատկանում, իսկ յուրաքանչյուր պատգամավորի պարտականությունն է պաշտպանել քաղաքացիների իրավունքները։
«Մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, որը երբեք քաղաքական մեծամասնության Ազգային ժողովը չէ։ Մեզանից յուրաքանչյուրի թիկունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայնն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն է և մեզ տրված լիազորությունը՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները»,- եզրափակել է Գալստյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արցախցիների բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, զբաղվածության և իրավական կարգավիճակի խնդիրներին։
