Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքները, որոնց ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հանդիպում են ունեցել։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
-Արդյո՞ք նշանակալի փոփոխություններ կարող ենք ակնկալել այս հանդիպումից։
-Բովանդակային փոփոխություններ ակնկալելու որևէ էական հիմք չկա․ ռուսական կողմը պատրաստ չէ գնալու պատերազմի դադարեցման։ Ուկրաինան էլ այս պահին մարտավարական առավելություն ունի, հետևաբար Միացյալ Նահանգներն էլ չեն կարողանա մեծ հաշվով ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար, որովհետև այդ ճնշումը կլինի միակողմանի, քանի որ, ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանը պատրաստ չէ պատերազմը դադարեցնելու։ Այնպես որ, Թրամփ-Զելենսկի հանդիպումից էական առաջընթաց ակնկալելն այդքան էլ ճիշտ չի լինի։
-ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է՝ «Ուկրաինայում հակամարտությունն ի վերջո կլուծվի․ դա պարզապես ժամանակի հարց է»։ Ի՞նչ հիմքեր կարող են լինել նման վստահ հայտարարության համար, և ի՞նչ կարող է նշանակել «ժամանակի հարց» ձևակերպումը՝ հաշվի առնելով, որ Վենսն ինքը պատերազմը համարում է «բոլոր միջազգային հակամարտություններից ամենաբարդը»։
-Վենսի հայտարարությունն առավելապես դիվանագիտական է, և այս պահին, բնականաբար, ամուր հիմքեր չկան կանխատեսելու, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը դադարեցնելու հնարավորություն կա։ Իրավիճակը բավականաչափ լարված է թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական մակարդակներում։ Լարված է նաև ռազմի դաշտում․ գործողությունների արեալն անընդհատ ընդլայնվում է, և պետք է հաշվի առնել, որ այս պահին ռազմադաշտում մարտավարական իրավիճակն այնպիսին է, որ կողմերից որևէ մեկը չունի էական առավելություն։ Իսկ դա էլ, ըստ էության, ազդելու է թեկուզ ժամանակավոր հրադադարի հաստատման ծրագրերի վրա։
Իսկ ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունն ավելի շատ քաղաքական ու քարոզչական աջակցություն է Միացյալ Նահանգների ջանքերին, որոնցով փորձ է արվում կրկին ակտիվացնել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շրջանակում հրադադարի հասնելու գործընթացը։ Քանի որ ընդամենը շաբաթներ առաջ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն այցելել էին հակամարտող երկու երկրներ, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունեցան, և քանի որ ԱՄՆ-ում առաջիկայում միջանկյալ ընտրություններ են, կարծում եմ, որ այս թեմայի ակտիվացումը նաև նպատակ է հետապնդում ընտրական շրջափուլում հանրապետականների համար որոշակի հաղթաթղթեր ձեռք բերելու կամ նրանց նախընտրական արշավին աջակցելու։ Այսինքն՝ բովանդակային առումով էական հնարավորություններ չեմ տեսնում, որպեսզի Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը գոնե ժամանակավոր դադար ունենա։
-Եվ առհասարակ ի՞նչ կտա ՄԱԿ-ի գագաթնաժողովը ռուս-ուկրաինական հակամարտության և ԱՄՆ-Իրան պատերազմի հետագա ճակատագրի առումով։
-Չեմ կարծում, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում միջազգային որևէ կոնֆլիկտի մասով կարելի է լուրջ ակնկալիքներ ունենալ։ Նման կանխատեսումներ չունեմ, որովհետև իրավիճակը գետնի վրա թե՛ Մերձավոր Արևելքում և թե՛ Եվրոպայում էական փոփոխություններ չի կրել, և կողմերը շարունակում են մնալ իրենց կարծր, անզիջում դիրքորոշումներին։ Մարտավարական և ռազմավարական փոփոխություններ չկան, իսկ քաղաքական մակարդակում կողմերի հռետորաբանությունը շարունակում է բավականաչափ կտրուկ մնալ։
Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
