ԱԺ-ում քննարկել են արցախցիների սոցիալական, բնակարանային և իրավական խնդիրները

Հայաստանի Ազգային ժողովում քննարկվել են բռնի տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։ Քննարկումն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Քննարկմանը մասնակցել են Արցախի ԱԺ ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարության և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ բնակարանային ապահովման ծրագրով հավաստագիր ստացած շուրջ 8 հազար ընտանիքից միայն 4 հազարն է կարողացել այն իրացնել։

Նրա խոսքով՝ ընտանիքները չեն կարողանում հավաստագրով նախատեսված գումարին համապատասխան բնակարան գտնել, իսկ վարձավճարի պետական աջակցությունը չի համապատասխանում իրական ծախսերին։

«Մարդիկ վերցնում են հավաստագիրը, բայց չգիտեն՝ ինչպես այն իրացնել, որովհետև համապատասխան արժեքով բնակարան չեն կարողանում գտնել։ Երեք տարի անց ընդամենը 4000 ընտանիք է, որ կարողացել է վերջնականորեն կարգավորել իր բնակարանային ապահովման հարցը»,- ասել է Ստեփանյանը։

«Արցախ միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր հերթին հայտարարել է, որ գործող ծրագրերը բավարար արդյունավետությամբ չեն լուծում արցախցիների խնդիրները։ Նա առանձնացրել է հինգ հիմնական հարց՝ կարգավիճակը, սոցիալական վիճակը, բնակարանային ապահովումը, զբաղվածությունը և արցախցիների շուրջ ձևավորվող տեղեկատվական ու հոգեբանական մթնոլորտը։

Բեգլարյանի խոսքով՝ սոցիալական աջակցությունը կրճատվել է այն պայմաններում, երբ բնակարանային խնդիրը դեռ լուծված չէ։ Նրա տվյալներով՝ բնակարանային ծրագրից օգտված ավելի քան 4 հազար ընտանիքների շուրջ 99%-ը բնակարան է ձեռք բերել երկրորդային շուկայից։

«Շատ-շատ արցախցիների սոցիալական վիճակն ուղղակի վատթարացել է, և այս առումով միտումը դեպի բացասականն է գնում։ Պետական քաղաքականությունը բավարար արդյունավետ ու հասցեական չէ»,- ասել է Բեգլարյանը։

Քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարիամ Պողոսյանը լքել է դահլիճը՝ Արցախի պաշտոնների հիշատակումից հետո։

Պողոսյանը հայտարարել է, որ ակնկալում էր քննարկում արցախցիների սոցիալական խնդիրների շուրջ, սակայն, իր գնահատմամբ, հանդիպումը վերածվել է «միջխորհրդարանական քննարկման», և այնտեղ «ինչ-որ պաշտոններ են հնչում»։

«Հայաստանում չի կարող լինել երկու խորհրդարան, երկու կառավարություն»,- ասել է պատգամավորը՝ լքելով քննարկումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2025 թվականի մայիսին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ բնակարանային ապահովման ծրագրին դիմել է ավելի քան 1800 ընտանիք, 1090-ը ստացել է հավաստագիր, իսկ 144 հավաստագիր իրացվել է։

Կարդացեք նաև՝

Արցախցիների բնակապահովման ծրագիրը պետք է վերանայել․ Արթուր Խաչատրյան

Leave a Comment