Թբիլիսիում քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի ինտեգրման և դրանք Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու հնարավոր քայլերը, հայտնել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ)։
Քննարկումն անցկացվել է Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան և Ադրբեջանի էներգետիկայի կարգավորող գործակալության խորհրդի նախագահ Սամիր Ախոնդովը։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորություններին։
Ըստ հաղորդագրության՝ Մեսրոպյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ նախատեսված կուտակիչ կայանների կառուցման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ ցուցաբերվող աջակցության կարևորությունը։
ՀԾԿՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի էներգետիկայի ոլորտի կարգավորման ուղղությամբ ցուցաբերվող տեխնիկական աջակցության և համագործակցության համար։
