Ծաղկաձորի մարզահամալիրը՝ Իշխան Զաքարյանի որդու ընկերության սեփականություն․ «Հետք»

Ծաղկաձորի նախկին պետական մարզահամալիրի գույքը մասնավորեցման և հետագա գործարքների արդյունքում անցել է ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի որդուն՝ Վարդան Զաքարյանին պատկանող երկու ընկերությունների, գրել է «Հետք»-ը։

Ըստ հրապարակման՝ այդ ընկերություններին ընդհանուր առմամբ պատկանում է շուրջ 22 հա հող և 38,6 հազար քմ շենք-շինություն։ Եվս ավելի քան 37 հա հողը վարձակալությամբ տրամադրված է մինչև 2056 թվականը։

Լրատվականի տվյալներով՝ գործընթացը սկսվել է 2006 թվականին, երբ համալիրը 50 տարով վարձակալության է տրվել ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ «Հետքի» փոխանցմամբ՝ Բոյաջյանն այդ ժամանակ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ընկերն էր։

Կառավարության 2010 թվականի որոշմամբ գույքի մի մասն ուղղակի վաճառքով 541,6 մլն դրամով օտարվել է ընկերությանը։

Գլխավոր դատախազությունը 2019 թվականին կասկածի տակ էր դրել գործարքի օրինականությունը։ Ըստ «Հետքի» ներկայացրած տվյալների՝ օտարված գույքի շուկայական արժեքը գնահատվել էր 1,8 մլրդ դրամ՝ վաճառքի գնից շուրջ 1,3 մլրդ դրամով ավելի։ Դատախազությունը նաև հաշվարկել էր, որ շուկայական արժեքով վարձակալության դեպքում 2010-2018 թվականների ընդհանուր վարձավճարը կկազմեր 704 մլն դրամ, մինչդեռ ընկերությունը վարձավճար չէր վճարել։

Մասնավորեցման երկրորդ փուլում՝ 2022 թվականին, կառավարությունը «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 732 մլն դրամով ուղղակի վաճառքով օտարել է Բոյաջյանի հիմնադրած «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին։ Գնորդը պարտավորվել է նաև մարել ՓԲԸ-ի 24 մլն դրամ պարտքը և երկու տարում կատարել 400 մլն դրամի ներդրում։ Գույքը հետագայում վաճառելու դեպքում ընկերությունը պետք է վճարի նաև հողի՝ 2,3 մլրդ դրամ կադաստրային արժեքը։

«Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ի սեփականատերը 2024 թվականին դարձել է Վարդան Զաքարյանը։

Մինչ այդ՝ 2022 թվականին, Զաքարյանը դարձել էր մեկ այլ՝ «Ծաղկաձորի սպորտ կոմպլեքս» ՍՊԸ-ի սեփականատերը։ Հենց այդ ընկերությանն են նույն տարվանից պատկանում 2010 թվականին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ին վաճառված հյուրանոցային մասնաշենքերը, հասարակական նշանակության շինություններն ու բուժական կենտրոնը։

Կառավարությունը 2023 թվականին սահմանել է նաև վարձակալությամբ տրամադրված գույքի տարեկան վարձավճարը՝ 32 մլն դրամ։ Այն ենթակա է փոփոխության՝ գույքի կադաստրային արժեքի փոփոխությանը համապատասխան։

Leave a Comment