Բռնի տեղահանված արցախցիների շրջանում աղքատությունը հասնում է 60-70 տոկոսի, իսկ պետական աջակցության ծրագրերն անարդյունավետ են։ ԱԺ-ում «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին այսօր հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով Արցախից տեղահանվածների ինտեգրման առանցքային խնդիրներին։
Անդրադառնալով իրավական կարգավիճակի խնդրին՝ Բեգլարյանն արձանագրել է, որ սովորական փախստականի կարգավիճակ տալը չի համապատասխանել տեղահանվածների կարիքներին։
«Մեզ զրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և տալով սովորական փախստականի կարգավիճակ, ինչպիսին ստանում են ոչ հայ փախստականները, բնականաբար, դրա հետևանքով մենք բազմաթիվ խնդիրների առջև ենք կանգնել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ լուծումը պետք է լիներ ՀՀ քաղաքացիության պահպանումը՝ օրենսդրական փոփոխություններով բռնի տեղահանվածի հատուկ կարգավիճակ տալու միջոցով։
Ըստ Բեգլարյանի՝ Արցախի ժողովրդին էթնիկ զտման և ցեղասպանության զոհի կարգավիճակ տալը իրավական հիմք կդառնար նաև սոցիալական հարցերի, այդ թվում՝ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատների կարգավիճակի կարգավորման համար։
Արցախահայերի երկրորդ հիմնական խնդիրն, ըստ Արտակ Բեգլարյանի, սոցիալական ծանր վիճակն է՝ մասնավորապես անցյալ տարվանից շատ արցախցիների սոցիալական աջակցությունը կրճատվել է կամ ամբողջությամբ դադարեցվել։
«Արցախցիների շրջանում աղքատությունը մոտ 60-70 տոկոս է, որը Հայաստանի Հանրապետության միջին աղքատության գնահատականից՝ մոտ 23 տոկոսից, մոտ երեք անգամ ավելին է»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ սա ընդգծված բևեռացման ու խտրականության ցուցանիշ է, իսկ պետական քաղաքականությունը բավարար հասցեական չէ։
Բեգլարյանը մատնանշեց նաև բնակարանային ապահովման հարցը՝ քննադատելով այս հարցում կառավարության որդեգրած մոտեցումը։ Ըստ նրա՝ ծրագրից օգտված ավելի քան 4000 ընտանիքների շուրջ 99 տոկոսը գնումներ է կատարել երկրորդային շուկայից։
«Սրա միջոցով արհեստական գնաճ է խթանվել, տնտեսության մեջ տնտեսական որևէ ավելացված արժեք չի ստեղծվում, ժողովրդագրական ավելացված արժեք չի ստեղծվում»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենաարդյունավետ լուծումը կլիներ կոմպակտ համայնքային կառուցապատումը, որը կլուծեր նաև գնաճի ու բնակֆոնդի թարմացման հարցերը։
Չորրորդ խնդիրը, ըստ նախկին պետնախարարի, զբաղվածությունն է, որը պետք է ուղղակիորեն կապված լիներ բնակարանային ծրագրի հետ՝ մարզերում բնակեցումը խթանելու նպատակով։
Հիշեցնելով, որ եթե նախորդ տարի Հայաստանում աշխատում էր շուրջ 21-22 հազար արցախցի, Բեգլարյանը նշեց՝ աշխատունակ արցախցիների շրջանում գործազրկությունը բավականին բարձր է։ Նույնիսկ պետական պաշտոնյաները հանդիպումների ժամանակ ընդունել են ծրագրերի անարդյունավետությունը, սակայն դրան հետևող անհրաժեշտ բարեփոխումներ չեն իրականացվել։
Արտակ Բեգլարյանը վերջում շեշտեց՝ աշխատունակ արցախցինների շրջանում գործազրկությունը մոտ 65-70 տոկոս է։