Մեր խորին համոզմունքն է՝ մինչև մեր հայրենակիցները կարողանան իրացնել վերադարձի իրենց անքակտելի իրավունքը, նրանք պետք է Հայաստանի Հանրապետությունում ապրեն արժանապատիվ, հնարավորինս կոմպակտ։ Մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական կարիքները պետք է պատշաճ կերպով հարգվեն և բավարարվեն։ Արցախահայերի խնդիրների թեմայով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ պատգամավորի՝ արցախահայերի առաջնային խնդիրներից մեկը բնակապահովման խնդիրն է։
«Գումարը, որը հատկացվում է, միջին վիճակագրական՝ 4 հոգանոց ընտանիքների համար բավարար չէ նույնիսկ երևանամերձ բնակավայրերում տուն ձեռք բերելու համար։ Երևանից հետու համայքներում միգուցե բավարար է, բայց այստեղ էլ աշխատանք չլինելու խնդիրն է ի հայտ գալիս։
Խնդիրներ կան նաև կրթության, առողջապահության իրավունքների հետ կապված։ Նաև կա մեր հայրենակիցների մի որոշ խավ, որի հարցը ցավոք չի լուծվում։ Խոսքն Իվանյանում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի մասին է։ Նրանք որևէ կարգավիճակ չունեն, մեզ բազմաթիվ անգամ դիմել են, ես էլ պետական օղակներին եմ դիմել։ Բայց հարցը տեղից չի շարժվել։
Զոհերից մեկի հարզատն աշխատում է այն մթերային խանութում, որտեղից ես միշտ առևտուր եմ անում, և ես անձնական պարտավորվածություն եմ զգում այդ կնոջ նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ նրա՝ արցախահայերի խնդիրները բազմավեկտոր են, և հատկապես բնակարանային հարցը պետք է լուծվի սոցիալական բնակարանաշինության ճանապարհով։