Եվրամիության՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածությունը Ռուսաստանի համար մտահոգիչ է։ Մոսկվայում կարծում են, որ այդ քաղաքականության նպատակներից մեկը կարող է լինել Ռուսաստանին վնաս հասցնելը. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում Ռուսաստանի ավագ պաշտոնատար անձ Վլադիսլավ Մասլեննիկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, հաշվի առնելով Եվրամիության օրենսդրության և Եվրասիական տնտեսական միության իրավական համակարգերի միջև առկա սկզբունքային անհամատեղելիությունները, չի կարող չառաջացնել Ռուսաստանի հարցերը։
«Մեզ մոտ հարցեր է առաջացնում նաև Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ Եվրամիության ընդգծված և ցուցադրական հետաքրքրվածությունը», — ասել է Մասլեննիկովը։
Ռուսաստանցի դիվանագետը նաև նշել է, որ, իր գնահատմամբ, Եվրամիությունը վարում է բացահայտ հակառուսական քաղաքականություն, որն աստիճանաբար ավելի է ձեռք բերում ռազմաքաղաքական ուղղվածություն։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պետք է հաշվի առնել Եվրամիության՝ Հայաստանի նկատմամբ իրական մտադրությունները գնահատելիս։
«Բրյուսելը երբեք չի աչքի ընկել ալտրուիզմով։ Նրա առաջնահերթ նպատակը ամենևին էլ Հայաստանի տնտեսական բարգավաճումը չէ, այլ Ռուսաստանին վնաս հասցնելը և սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելը», — նշել է Մասլեննիկովը։
