Հռոմում ողբերգական դեպք է եղել. Կոլիզեումի լուսավորության համակարգի վրա աշխատանքներ կատարելիս մահացել է 22-ամյա բանվորը։
Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ. պարանների միջոցով ամրացված երիտասարդն ընկել է մոտ տասը մետր բարձրությունից։ Վերակենդանացման փորձերը արդյունք չեն տվել։
Մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին անմիջապես ժամանել է դեպքի վայր և գիշերն անցկացրել Կոլիզեումում։ Նրա հրահանգով հուշարձանը փակվել է՝ ի հարգանք զոհված բանվորի հիշատակի, իսկ ընթացիկ բոլոր աշխատանքները ամֆիթատրոնում կասեցվել են մինչև հետագա ծանուցում։
Ինչպես նշված է Կոլիզեումի պարկի հայտարարության մեջ, մուտքերի անհապաղ փակումից խուսափել են՝ մեծաքանակ այցելուների կուտակումից և հնարավոր անվտանգային խնդիրներից խուսափելու նպատակով։
Հռոմի դատախազությունը սկսել է հետաքննություն։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին անձամբ արձագանքել է ողբերգությանը՝ իր ցավակցություններն ու վիշտն հայտնելով զոհի ընտանիքին և մերձավորներին։ «Անցյալ գիշեր Կոլիզեումում տեղի ունեցած դժբախտ պատահարից մահացած Անդրեա Մորետիի ողբերգական մահվան լուրը մեզ ցնցել և խորապես տխրեցրել է»,- ասել է նա։
Մելոնին ընդգծել է, որ 22 տարեկանում մահը, առավել ևս աշխատավայրում, անընդունելի է, և հավաստիացրել է, որ իշխանությունները շարունակելու են ջանքեր գործադրել՝ կանխելու համանման ողբերգությունների կրկնությունը։
