ԳԴ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Կոտայքի մարզի Առինջ համայնքում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99,94% նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին օտարելու գործով, հայտնել է Պետական վերահսկողական ծառայությունը։
Գերատեսչության վարկածով՝ 700 մմ տրամագծով մայրուղային գազատարով ծանրաբեռնված և օտարման ոչ ենթակա 16,17 հա հողատարածքն աճուրդով վաճառվել է «Ավիասերվիս» Հ/Ձ ՓԲԸ-ին, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։
ՊՎԾ-ն հայտնել է, որ 2017 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա Առինջի 11,2 հա արտադրական, 36,29 հա բնակավայրերի և 28․96 հա այլ բարձրարժեք հողերը՝ ընդհանուր 8 մլրդ 38 մլն 9 հազար դրամ կադաստրային արժեքով, փոխադրվել են արոտի կատեգորիայի։ Արդյունքում կադաստրային արժեքը նվազել է 8 մլրդ 32 մլն 848 հազար դրամով (կամ շուրջ 99,94%-ով)՝ հասնելով 5 մլն 160 հազար դրամի, նշել է ծառայությունը։
Նշված հողերը համայնքի ղեկավարի որոշմամբ աճուրդով 21 մլն 533 հազար դրամով օտարվել են «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, պնդել են ՊՎԾ-ից։
Նշվում է, որ իրավունքի պետական գրանցման մերժումից հետո, նոր աճուրդներ հայտարարելու փոխարեն, փոփոխվել են նախկին աճուրդների արձանագրություններն ու համայնքի ղեկավարի որոշումները, ինչից հետո ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կնքվել են առուվաճառքի 4 պայմանագրեր և գրանցվել սեփականության իրավունքները։
