ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներկայումս ի վիճակի չէ պատշաճ կերպով իրականացնել խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր մանդատը. հայտարարել են Հնդկաստանի, Բրազիլիայի, Գերմանիայի և Ճապոնիայի (G4) արտաքին գործերի նախարարները՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումից հետո:
Չորս երկրների նախարարների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհաքաղաքական միջավայրի աճող բարդությունը Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձրել է «ավելի անհրաժեշտ, քան երբևէ»։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներկայումս ի վիճակի չէ արդյունավետորեն կատարել իր հիմնական պարտականությունը՝ պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցչականությունը, օրինականությունը, լիազորությունները և արդյունավետությունը հարցականի տակ են», – ասվում է հայտարարության մեջ։
Քառյակի պետությունները Անվտանգության խորհրդի թերությունները վերագրեցին դրա «ութ տասնամյակ գոյություն ունեցող անախրոնիկ ճարտարապետությանը», որը, նրանց խոսքով, չի արտացոլում ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունները և խոչընդոտում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող ներկա և ապագա խնդիրների լուծմանը։
Այս համատեքստում չորս երկրները հայտարարեցին, որ Անվտանգության խորհրդի անդամակցության ընդլայնումը թե՛ մշտական, թե՛ ոչ մշտական կատեգորիաներում պետք է լինի բարեփոխումների գործընթացի կենտրոնական տարրը։ Նրանք նաև ընդգծեցին Աֆրիկայի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ավելի մեծ ներկայացուցչության անհրաժեշտությունը։
Բրազիլիան, Հնդկաստանը, Ճապոնիան և Գերմանիան ավելի քան 20 տարի առաջ ձևավորել են G4 խումբը, որը պայքարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվի ընդլայնման համար։