Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել և չի զբաղվում։ Իր ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Խորհրդային տարիներին զբաղեցրել է բավականին բարձր հասարակական պաշտոններ, դրանից հետո եղել է Արցախի նախագահ, ազատագրման կոմիտեի անդամ, Հայաստանի վարչապետ, Հայաստանի նախագահ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Քոչարյանի ձեռնարկատիրական գործունեության հետ հնարավոր կապերին։
Ըստ փաստաբանի՝ նախագահի պաշտոնից հետո Քոչարյանը որոշ ժամանակ աշխատել է բարձր վարձատրվող գործադիր պաշտոններում, այդ թվում՝ որպես տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ, իսկ այնուհետև կրկին զբաղվել է քաղաքական գործունեությամբ։
«Ռոբերտ Քոչարյանը որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի, բացի նրանից, որ իր որդին կամ դուստրը, կամ մյուս որդին ինչ-որ առնչություն կարող են ունենալ որոշակի ձեռնարկությունների հետ։ Ինքը որևէ առնչություն չունի այդ ձեռնարկությունների հետ»,- հայտարարել է Արամ Օրբելյանը։