Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին ու Ալիևին (PAN.am)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ունեցած ելույթում, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին խոսելիս, մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը:

Թրամփը, անդրադառնալով իր միջնորդությամբ կարգավորված հակամարտություններին, հայտնել է, որ դրանցում ներգրավված գրեթե բոլոր պետությունների ղեկավարներից շնորհակալական նամակներ է ստացել, հայտնում է Արմենպրեսը Սպիտակ տան պաշտոնական հեռարձակմանը հղումով:

«Ադրբեջանի նախագահն ասել է․ «Նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց»։ Դա իսկական հրաշք էր, որի իրագործումը ոչ ոք հնարավոր չէր համարում։

Հայաստանի վարչապետն ասել է, որ այս բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղությանն ուղղված նրա վճռական հանձնառության»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը հանդիպման արդյունքներով ստորագրել են համատեղ հռչակագիր, որը որպես վկա ստորագրել է նաև Թրամփը։ Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը։

Leave a Comment