Ադրբեջանը հետաձգել է փորձագետների երևանյան հանդիպումը «մինչև լարվածությունը թուլանա»

Ադրբեջանական կողմը հետաձգել է Երևանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում ծրագրված հանդիպումը՝ «մինչև լարվածությունը թուլանա»: Այդ մասին հայտնել է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, տեղեկացնում է «Ազատությունը»:

Նա քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներից է, որը տվյալ ձևաչափով մասնակցություն է ունեցել երկու երկրներում կազմակերպվող քննարկումներին:

«Սա պլանավորված հանդիպում էր, և մենք կողմ ենք, որ այդ պլանավորված հանդիպումները տեղի ունենան, այլ ոչ թե հետաձգվեն: Հայկական կողմն ակնկալում էր, որ այս սուր իրավիճակում անհրաժեշտ է հանդիպել, փորձել փոխադարձ ըմբռնման հասնել ու պայմանավորվել այն մթնոլորտի մասին, որը ցանկալի է, որ ձևավորվի տեղեկատվական միջավայրում, հանրային դաշտում, սակայն կարծես թե Ադրբեջանից մեր գործընկերները նպատակահարմար չեն գտնում շփվել այս փուլում»,-ասել է նա:

Հայ և ադրբեջանցի փորձագետներն արդեն մի քանի փոխադարձ հանդիպումներ են անցկացրել։ Այս տարի վերջին անգամ ադրբեջանցի փորձագետները Երևան են ժամանել մայիսին՝ «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե 2020-ի պատերազմից հետո Դադիվանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր, զանգեր, որմնանկարներ և այլ մշակութային արժեքներ՝ «գողության» մեջ մեղադրելով հայերին: Նա հավելել է, որ դրանց վերաբերյալ որոշ տեղեկություններ ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ Բաքուն միաժամանակ շարունակում է Դադիվանքն ու Գանձասարը ներկայացնել որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։

Leave a Comment