Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը, հայտնում է ArmLur.am-ը։
Ըստ թերթի՝ Արարատի մարզում՝ «Հրաշք այգի» ռեստորանում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արտաշատի ոստիկանները ծեծկռտուքի հիմնական մասնակիցներին բերման էին ենթարկվել։ Դատարանը նրանցից մի քանիսի նկատմամբ տնային կալանք է կիրառել։ Նրանց թվում է Մասիսի նախկին քաղաքապետի եղբայրը։
Վիճաբանությունը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ Գոքորի «Հրաշք այգի» ռեստորանում։
Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում։ Կայքը նշել էր, որ ռեստորանային համալիրի հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչներ 49-ամյա Արմենակ Հ.-ն, 40-ամյա Սևան Խ.-ն, 38-ամյա Գոռ Հ.-ն, 39-ամյա Ալբերտ Ն.-ն, 40-ամյա Ռաֆայել Հ.-ն, 50-ամյա Արարատ Լ.-ն և 37-ամյա Գոռ Խ.-ն, ռեստորանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեսանկարահանում կատարելու հարցի շուրջ վիճաբանել են նույն ռեստորանի մյուս հաճախորդների հետ։
Կայքի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից Գոռ Հ.-ն, Գոռ Խ.-ն, Սևան Խ.-ն և Ռաֆայել Հ.-ն դատարանի որոշմամբ տնային կալանքի տակ են։ Քննիչը նրանց նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայր։
Փետրվարին Գոռ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը` մեկ ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով:
