Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծից, որով առաջարկվում է ՀՀ առողջապահության նախարարության 2026 թվականի պետական բյուջեում 3 մլրդ 549 մլն 180 հազար դրամի վերաբաշխում կատարել։ Գումարը կուղղվի առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրավճար չվճարող կամ մասնակի վճարող առանձին շահառուների ապահովագրավճարների սուբսիդավորմանը։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է պետության կողմից Առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճար չվճարող, կամ մասնակի վճարող առանձին շահառուների համար ապահովագրավճարի սուբսիդավորման բնականոն գործընթացն ապահովելու համար:
Նախագծով նախատեսվում է կատարել 3,549,180.0 հազ. դրամի վերաբաշխում ՀՀ առողջապահության նախարարության 2026 թվականի պետական բյուջեում։
Առկա իրավիճակը պահանջում է մի շարք միջոցառումների իրականացում, ինչը հնարավորություն կտա ապահովել ապահովագրավճարների սուբսիդավորման գործընթացը՝ բժշկական կազմակերպություններին առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց հատուցումների իրականացման համար։
ՀՀ առողջապահության նախարարության 2026 թվականի պետական բյուջեի 1202․ «Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում» ծրագրի 12001․ «Առողջության համընդհանուր ապահովագրության վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորում» միջոցառման համար հատկացվել էր 1,000.0 մլն դրամ, որն ուղղվել է 166,667 վարձու աշխատողների մեկ ամսվա ապահովագրավճարիների 6000 դրամների սուբսիդավորմանը։ ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի թիվ 872-Ն որոշմամբ իրականացված վերաբաշխման արդյունքում նշված գումարը ավելացել է 5,548.8 մլն դրամով՝ ապահովելով առաջին կիսամյակի համար վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորման ենթակա գումարի 93 %-ը։
2026թ․ հունվար-հուլիս ժամանակահատվածում վարձու աշխատողների ապահովագրավճարների պետության սուբսիդավորման ենթակա մասը կազմել է 8,516.7 մլն դրամ (հաշվարկները տրամադրվում են կից ֆայլով)։ Ներկայումս պարտքը կազմում է 3,549․2 մլն դրամ` 9 ամսվա համամասնության շրջանակներում։
ՀՀ առողջապահության նախարարության 2026 թվականի պետական բյուջեի 1202․«Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում» ծրագրի 11006․ «Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ» միջոցառման համար հատկացված և վերաբաշխման արդյունքում (ՀՀ կառավարության 2026թ․ հունիսի 25-ի թիվ 928-Ն որոշում) ավելացված 7,145.3 մլն դրամ գումարը հնարավորություն կտա ապահովել սեպտեմբեր ամսին տրամադրվող հունվար-օգոստոս փաստացի ապահովագրավճարի սուբսիդավորման ենթակա գումարի 91%-ը՝ 9 ամսվա համամասնության շրջանակներում օգոստոս ամսվա համար պարտքը կազմում է 4,808.2 մլն դրամ։
Ակնկալվող արդյունքը․
Համաձայն «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի` պետական բյուջեի շրջանակներում հաստատվում է նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնակչության խմբում ներառված ապահովագրված անձանց ապահովագրավճարների 100 % սուբսիդավորման գումարը, որը համաձայն նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի յուրաքանչյուր ամիս Առողջության համընդհանուր ապահովագրության Հիմնադրամի կողմից ներկայացված հանձնարարագրի հիման վրա Հիմնադրամի գանձապետական հաշվին է փոխանցվում՝ յուրաքանչյուր սուբսիդավորվող անձի համար 10800 դրամ։
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը` յուրաքանչյուր ամիս Առողջության համընդհանուր ապահովագրության Հիմնադրամի կողմից ներկայացված հանձնարարագրի հիման վրա յուրաքանչյուր սուբսիդավորվող անձի համար Հիմնադրամի գանձապետական հաշվին է փոխանցում 6000-ական դրամ:
Նախագծի ընդունմամբ ապահովվելու է առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսկան միջոցների հատկացման գործընթացի բնականոն ընթացքը:
Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության և Առողջության համընդհանուր ապահովագրության Բյուջետային պլանավորման և հաշվետվությունների թիմի աշխատակիցների կողմից։
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններիմասին.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի մասով ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։
Նախագծի մշակման համար կիրառված իրավական ակտերն են` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշումը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ, ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացված նախագիծը բխում է բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «4.5 Առողջապահություն» կետից: