Իրանական ավիաընկերությունները սեպտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցրել են չվերթները դեպի Ադրբեջան։ Պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների նոր փաթեթն է, որն անմիջականորեն թիրախավորում է ավիացիոն ոլորտը։
Սեպտեմբերի 22-ին իրանական «Iran Air» ավիաընկերությունը հայտարարել էր, թե Բաքու, Ստամբուլ և Նաջաֆ չվերթների դադարեցման վերաբերյալ պաշտոնական ծանուցում դեռևս չի ստացել։
«Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունից հաստատել են, որ թռիչքների դադարեցման որոշումը կայացվել է ամերիկյան նոր սահմանափակումների պատճառով։
ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթի մասին հայտարարվել էր սեպտեմբերի 8-ին․ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը «սև ցուցակում» էր ներառել Իրանի ավիացիոն ոլորտի հետ կապված 36 անհատի և կազմակերպության։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը զգուշացրել էր, որ սեպտեմբերի 23-ից իրանական փոխադրողները միջազգային թռիչքներ իրականացնելիս բախվելու են լուրջ խոչընդոտների։ Ըստ նրա՝ այն օտարերկրյա օդանավակայանները, վառելիք մատակարարողներն ու սպասարկող ընկերությունները, որոնք համագործակցությունը կշարունակեն իրանական ավիաընկերությունների հետ, նույնպես կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների տակ։