Թրամփը հայտնել է Գրենլանդիայում ռազմակայանների կառուցման մասին – armeniatoday.am

Միացյալ Նահանգներն անհապաղ սկսում է Գրենլանդիայում իր ռազմական ներկայության ընդլայնման գործընթացը, այդ թվում՝ կղզում երկու ռազմակայանի կառուցումը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը։

«Միացյալ Նահանգների ոչ մի հակառակորդի այլևս թույլ չի տրվի ռազմական ներկայություն հաստատել Գրենլանդիայում կամ այնտեղ զգալի ներդրումներ կատարել՝ առանց մեր հստակ գրավոր համաձայնության։ Մենք անհապաղ կսկսենք համապատասխան վայրերում մեր ռազմական ներկայության ընդլայնման գործընթացը։ Մենք կկառուցենք երկու շատ մեծ ռազմակայան», – հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Դանիայի և Գրենլանդիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ է տալիս ԱՄՆ-ին մշտական ​​վերահսկողություն հաստատել կղզու անվտանգության և «բոլոր այլ կարիքների» նկատմամբ։

Թրամփը Գրենլանդիայում ԱՄՆ-ին մշտական ​​ռազմական իրավունքներ տրամադրող համաձայնագրի կնքման մասին հայտարարել էր սեպտեմբերի 19-ին։ Նա նշել էր, որ այդ պայմանավորվածությունները թույլ չեն տա Վաշինգտոնի հակառակորդներին ռազմակայաններ տեղակայել Գրենլանդիայում և կարգելեն «զգայուն ներդրումները»՝ առանց ԱՄՆ-ի գրավոր հավանության։

Գործարքի պայմաններին ծանոթ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ համաձայնագրի մանրամասները վերջնական տեսքի չեն բերվի մինչև ստորագրման պահը։ Դանիան, Գրենլանդիան և ԱՄՆ-ն փաստաթուղթը ստորագրել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն կվերականգնի իր ներկայությունը Նարսարսուակում, որտեղ 1950-ականներին տեղակայված էր ամերիկյան «Bluie West One» ռազմակայանը, և կզբաղեցնի հենակետ Մեստերսվիգում, որն օգտագործվում է դանիական հատուկ նշանակության ուժերի կողմից։

Leave a Comment